18/02/2017 13:50
Ցավում եմ, որ ամենադիտվող հեռուստաժամերին սերիալներ են ցուցադրվում՝ հատկապես հնդկական. Մերուժան Տեր-Գուլանյան
Հայկական հեռուստաալիքներով իսկական հնդկական բում է սկսվել: Հեռուստաընկերությունների մի մասն իրենց «փրայմ թայմերը» լիովին տրամադրել է հենց այդ երկրի «օճառային օպերաներին»՝ երկրորդական տեղ մղելով նույնիսկ սեփական արտադրության սերիալները: Այս առումով մրցակցությունն այնքան է թեժացել, որ սերիալների ժամերը հաճախ են փոփոխության ենթարկվում. կարծես, այդկերպ հեռուստաընկերությունները փորձում են խանգարել միմյանց ու հեռուստադիտող «թռցնել»:
Aysor.am-ը գրող, հրապարակախոս, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ կարելի է բացատրել, հատկապես, մասնավոր հեռուստաընկերությունների «սերիալառատությունը»: Արդյոք դա պահանջարկի՞ արդյունք է:
«Ես ընդհանրապես սերիալ չեմ նայում՝ լինի հնդկական, հայկական, թե բրազիլական: Պետք է ծրագիր ունենաս, որպեսզի եթերդ զբաղեցնես, իսկ սեփական հաղորդաշար պատրաստելն առավել թանկ ու դժվար է: Կարծում եմ, մեր հեռուստաընկերությունների համար սերիալների ցուցադրումը եթերաժամն էժան գնով լցնելու միջոց է: Մրցակցություն է հեռուստաընկերությունների միջև՝ ով ավելի շատ դիտող կունենա: Իհարկե, դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց կանոններ կան, որ պետք է պահպանել: Բայց, դե ազատ երկրում ենք ապրում, հեռուստատեսություններն ազատ են ու ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ ես անում», - նշեց հրապարակախոսը:
Մ. Տեր-Գուլանյանը ժամանակին մասնավոր ԱՐ հեռուստաընկերության հիմնադիրն ու ղեկավարն էր: Հարցին, եթե այսօր ևս հեռուստաընկերություն ունենար, արդյոք հանուն ռեյտինգի եթերաժամերը սերիալներով չէր լցնի՝ խոստովանեց.
«Ոչ, ես սերիալ ո՛չ կնկարեի, ոչ էլ կցուցադրեի: Ժամանակին էլ ԱՐ հեռուստաընկերությունը երբեք սերիալ չի ցուցադրել: Այն ժամանակ էլ լոտոն էր արդիական, հեռուստադիտող գրավելու համար բոլորը սերիալի փոխարեն լոտո էի հեռարձակում, բացի ԱՐ-ից»:
Անդրադառնալով հնդկական սերիալներին ու Հայաստանում դրանց տարածման պատճառներին՝ գրող, հրապարակախոսը ժպիտով նկատեց.
«Երեխա ժամանակ ես շատ էի սիրում Ռաջ Կապուրի մասնակցությամբ հնդկական ֆիլմերը՝ «Պարոն 420», «Թափառաշրջիկը» և այլն: Որքան գիտեմ, հնդկական սերիալ գնելն ավելի էժան է, քան այստեղ նկարելը: Ցավում եմ, որ ամենադիտվող հեռուստաժամերին սերիալներ են ցուցադրվում: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրի ժամին սերիալներ ցուցադրել: Հեռուստաընկերությունների ղեկավարները պետք է համքարության կանոնները պահպանեն, հատկապես, այս նախընտրական շրջանում լուրերը պետք է ժողովրդին հասանելի լինեն»:
Մեր նկատառմանը, որ ընտրողը հեռուստադիտողն է և նա կարող է հանգիստ փոխել հեռուստաալիքը՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Համաձայն եմ, բայց աբսուրդն այն է, որ սերիալ նայողների հիմնական մասն ինքնամոռաց նայողներ են և չեն փոխի ալիքը… Գիտեք, ժամանակին մենք հրաշալի հեռուստաթատրոն ունեինք, լրջագույն պիեսներ էին բեմադրվում, որոնցում հրաշալի դերասաններ էին խաղում: Այսօր գրեթե բոլոր հեռուստաալիքները սերիալներ են նկարում, բայց թող ինձ ներեն մեր սերիալ արտադրողները՝ շատ վատ են նկարում: Ամենատխուրն այն է, որ նույն դերասանները միաժամանակ տարբեր սերիալներում են նկարահանվում՝ մի տեղ՝ հոր, մյուս տեղում՝ որդու կերպարում: Չես կարողանում հավատալ նրանց»:
Ոմանք պնդում են, որ սերիալները (հատկապես հնդկական) նաև վտանգավոր են այնքանով, որ հոգեբանորեն ճնշում, վայրի բարքեր են փոխանցում հանրությանը:
«Վտանգ չեմ տեսնում, բայց մի տեսակ թմրեցնող բան ունի իր մեջ: Տրամադրում է երկրորդական բաների մասին մտածել: Գիտե՞ք սերիալն ինչ է՝ կարծես բանալու անցքից մեկի տանը հետևես, նայես՝ հարս ու սկեսուր ինչ են անում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մերուժան Տեր-Գուլանյանը: