18/02/2017 23:53
Գրքի երևանյան 13-րդ տոնավաճառն առանձնացել է «Նվեր զինվորին» հատուկ բաժնով
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գրքասեր մանուկների համար կազմակերպվել էր Գրքի երևանյան 13-րդ տոնավաճառը, որի նպատակն է էլ ավելի բարձրացնել երեխաների մոտ գրքի նկատմամբ հետաքրքրությունը: Տոնավաճառին ներկա էին մայրաքաղաքի գրեթե բոլոր հրատարակչությունները:
Տոնավաճառին առանձնանում էր «Նվեր զինվորին» բաժինը, որտեղ տեղ գտած բոլոր գրքերը տոնավաճառից հետո ուղարկվելու են սահմանամերձ զորամասեր: Զինվորական համազգեստով փոքրիկ Մհերը, որը հսկում էր այդ անկյունը, Aysor.am-ի թղթակցի հարցին՝ տեղյա՞կ է, թե ինչու է նման համազգեստ կրում և ու՞մ համար են նախատեսված գրքերը, վստահ նշեց, որ՝ուղարկվելու են զինվորներին:
Մեկ այլ անկյունում տեղ էին գտել երեխաների կողմից սիրված բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր»-ի մասին պատմող արկածների գրքերը և կախարդական պարագաները:
Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և այլոք:
«Սիրելի մանուկներ կարդացե՛ք և լավ գրքեր կարդացեք», - խորհուրդ տվեց ներկաներին Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի պատասխանն այն հարցին, թե ինչու է քիչ գրում, ինչին վերջինս պատասխանել է, որ քիչ է գրում, քանի որ կորցրել է զբոսայգում գիրք ընթերցող երիտասարդին: Պատգամավորը հորդորեց ներկաներին վերդառնալ դեպի գիրքը:
Տոնավաճառը գործելու է մինչև փետրվարի 21-ը, որի ընթացքում նախատեսված են անհատական և խմբային այցելություններ, բարձրաձայն ընթերցանությունների շարք, տիկնիկային ներկայացում «Թումանյանի հեքիաթները», էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ և այլն: