19/02/2017 18:45
Արցախում Սահմանադրական հանրաքվեն կդիտարկի 104 միջազգային դիտորդ. Մասնակցության իրավունք է ստացել բնակչության 69 տոկոսը (Լուսանկարներ)
Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության հանրաքվեին կմասնակցի 102 հազար 757 քաղաքացի, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Սա երրորդ համապետական հանրաքվեն է Արցախում։ Դրան մասնակցելու իրավունք է ստացել Արցախի բնակիչներից 102 հազար 757-ը։ Սա 711 ընտրողով ավելի է, քան 2015 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր և կազմում է Արցախի ընդհանուր բնակչության 69 տոկոսը», - ասաց Սրբուհի Արզումանյանը։
Նա նշեց, որ վաղը բացվելու են ընտրական 280 տեղամասեր, որոնցից մեկը Երևանում և ևս մեկը Շուշի քաղաքի քրեակատարողական հիմնարկում։
«Գործելու են 11 ընտրատարածքներ, որոնցից յուրաքանչյուրում կա 8000-ից 9000 ընտրող։ Ընտրությունները դիտարկելու համար 30-ից ավելի երկրներից Արցախում կաշխատեն 104 միջազգային դիտորդներ», - ասաց Սրբուհի Արզումանյանն՝ ընդգծելով, որ նրանցից յուրաքանչյուրի դիտարկումները հաշվի են առնվում հաջորդ ընտրությունների կազմակերպումը կատարելագործելու համար։