20/02/2017 12:25
Մի գրքի պատմություն կամ ինչպես է ծնվում տպագիր գիրքը. Տեսանյութ
Տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը և հասանելիությունը որոշակիորեն հետին պլան է մղում տպագիր գիրքը: Սակայն, իրական ընթերցողը, ընտրության հնարավորություն ունենալու դեպքում, նախընտրությունը տալիս է տպագիր գրքին: Գիրքը պետք է շոշափես, թերթես, որպեսզի Լուիս Քերոլի հերոսուհի՝ Ալիսի պես, ընկնես հրաշքների աշխարհ:
Եթե ոչ բոլորին, միգուցե, շատերին է հետաքրքիր եղել, թե ինչպես է ծնվում գիրքը: Aysor.am-ը նախանձեռնել է փոքրիկ մի հետաքննություն՝ պարզելու տպագիր գրքի ստեղծման բոլոր փուլերը: Այդ նպատակով զրուցել ենք «Արևիկ» մանկական հրատարակչության տնօրենի և այն անձանց հետ, որոնք մասնակցում են գրքի կայանալու բոլոր փուլերին:
Հրատարակչության տնօրենը՝ Սաբեթ Հովհաննիսյանը պատմեց, որ տպագիր գիրք ստեղծելու համար մի ամբողջ թիմ է աշխատում, և այն, մինչև տպարան հասնելը, մի քանի անգամ ստուգվում է և շտկվում: Գործընթացին մասնակցում են խմբագիրը, սրբագրիչը, նկարիչը, դիզայները և էջադրողը:
Տնօրենի խորհրդական Աստղիկ Ստեփանյանը Aysor.am-ին համառոտ ներկայացրեց այդ գործընթացը: Նրա խոսքով՝ նախ հրատարակչություն բերվում է հեղինակի ձեռագիրը, ինչի արդյունքում կազմվում է խորհուրդ, որը պետք է որոշի՝ արդյոք նպատակահարմար է ձեռագիրը տպել, թե ոչ: Եթե որոշումը դրական է, ապա սկսվում է գործընթացը:
Ձեռագիրն ուղարկվում է համակարգչային շարվածքի, ապա տպվում է երկու օրինակ՝ առաջինը՝ խմբագրի համար, երկրորդը՝ նկարչի: Այնուհետև խմբագրված և նկարազարդված օրինակը հանձնվում է դիզայներին: Տպած օրինակը ստուգում է նաև սրբագրիչը: Ապա, խմբագրի՝ երրորդ անգամ նայելուց հետո, փոխանցվում է էջադրողին, որը պատրաստում է PDF նմուշը: PDF տարբերակը մեկ անգամ էլ է ստուգվում խմբագրի կողմից, որից հետո կատարվում է վերջնական դիզայն: Եվ միայն այս ամենից հետո կրիչով փոխանցվում է տպարան, որտեղ տպագրվում է մեկ նմուշ: Այդ նմուշը ուղարկվում է հրատարակչություն: Եթե կազմված խորհուրդը հաստատում է օրինակը, ապա ուղարկվում է մասայական տպագրման:
Դիմեցինք անմիջապես խմբագրին, որը ամենից շատ է առնչվում գրքին՝գրեթե բոլոր փուլերում: Հրատարակչության խմբագիր Ռոբերտ Հովսեփյանը համեմատեց իր աշխատանքը արձանի վրա փոշին հեռացնելու հետ:
«Երբ բերվում է արձանը, վրան փոշի է լինում, որը պետք է հեռացվի, որպեսզի արձանն իդեալական տեսք ստանա: Իմ աշխատանքն էլ՝ այդ փոշին հեռացնելն է: Իսկ երբ ընթերցողն ասում է, որ գիրքը լավ է խմբագրված, ես դա մինուս եմ համարում, իսկ երբ ասում են՝ հեղինակը ինչ լավ է այն գրել, սա լավագույն գնահատականն է խմբագրի աշխատանքին», - նշեց հրատարակչության խմբագիրը:
Երեխաների համար գիրք տպագրելը շատ բարդ է: Երեխան սիրում է պատկերավոր և վառ գույներով գրքեր, քանի որ, ի տարբերություն մեծերի, ում հատուկ է անալիտիկ մտածողությունը, երեխաներն առաջնորդվում են զգայարաններով: Մոխրագույն, պատկերներից զուրկ գրքերով երեխային չես խաբի: Այդ է պատճառը, որ մանկական գիրք տպագրելու համար շատ կարևոր է, որ նկարիչը ճիշտ հասկանա երեխաների հոգեբանությունը: Հրատարակչության նկարիչ Նաիրա Ահարոնյանը նշեց, որ, իհարկե, գիտակցում է իր պատասխանատվությունը երեխաների առաջ:
«Իհարկե, առաջնորդվում եմ նրանով, որ նկարիչը պետք է մինչև վերջ անկեղծ լինի: Նկարչությունը պետք է լինի պրոֆեսիոնալ, ոչ՝ սիրողական մակարդակով արված: Մեծի ձեռքով արված աշխատանքը պետք է զգաս մանկան աչքերով և ընկալումով», - նշեց հրատարակչության նկարիչը:
Զրուցեցինք նաև դիզայներ Սոնա Միքայելյանի հետ, որը նաև կատարում է էջադրումը: Նա է որոշում նկարների և տեքստի համաչափ լինելը, տեղակայումը և այլն:
Մեր փոքրիկ հետաքննությունը ցույց տվեց, որ տպագիր գիրք ստեղծելը բավականին պատասխանատու և բարդ աշխատանք է: Ու այդ ամենն արվում է միմիայն ընթերցողի համար: Քանի որ «Արևիկ» հրատարակչության ընթերցողը մանուկն է, ապա պատասխանատվությունը կրկնակի ավելանում է. երեխային անորակ գրքերով չես խաբի:
Հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն ընդգծեց, որ բավականին շատ են իրենց ընթերցողները, և ՏՏ ոլորտը չի ազդում տպագիր գրքի պահանջարկի վրա:
«Փորձը ցույց է տվել, որ փետրվարի 19-ին՝ գրքի տոնին, մանկական գիրքը շատ մեծ սպառում է ունենում», - նշեց Սաբեթ Հովհաննիսյանը:
Գրքի ծնունդն ու էվոլյուցիան ցույց տալու համար՝ որպես օրինակ ենք օգտագործել Ժիրայր Ավետիսյանի «Գայանեի դասը» բանաստեղծությունը, նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի համար: