20/02/2017 12:44
Արցախը ժողովրդավարության առումով չի զիջում որևէ պառլամենտական երկրի. Վարչապետ
Արցախը ժողովրդավարության առումով հետ չի պառլամենտական որևէ երկրից, Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։
«Կա տարբերություն Հայաստանի և Արցախի Սահմանադրությունների միջև: ՀՀ-ում գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինելու, իսկ Արցախում՝ նախագահը։ Իսկ պառլամենտարիզմի առումով խորհրդարանին տրված է բավականին մեծ լիազորություններ», - նշեց Արայիկ Հարությունյանը։
Նա ասաց, թե երբ քվեարկելու համար անձնագիրն էր ներկայացնում, հիշել է 1988 թվականի փետրվարի 20-ը։
«Իհարկե, երազում էինք ունենալ այսպիսի անձնագիր, այսօր ունենք։ Ոչ միայն ունենք անձնագիր, այլ այդ անձնագրով վկայում ենք, որ ունենք ձևավորված պետություն և որ ամենակարևորն է, այդ երկիրը գնում է սահմանադրական բարեփոխումներին՝ նպատակ ունենալով ժողովրդավարության արժեքներն ավելի խորացնելու», - նշեց Արցախի վարչապետը:
Դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե այս հանրաքվեն չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «1988 թվականի փետրվարին մենք գիտեինք, որ միջազգային հանրության հետ կապված բարդ խնդիրներ ենք ունենալու։ Ամենակարևորն այն է, որ մենք այս սահմանադրական փոփոխություններն անում ենք առաջին հերթին մեզ համար, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի լինի»։