20/02/2017 11:37
Տարածաշրջանում անվտանգությունը միայն մի կողմից է վտանգված՝ Ադրբեջանի. Աշոտ Ղուլյան
Արցախցիները, ինչպես և 29 տարի առաջ շարունակում են տարածաշրջանում ժողովրդավարության ու ազատության դրոշակակիրը մնալ, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Այսօր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը միայն մի կողմից է վտանգված՝ Ադրբեջանի։ Այնպես որ, Իլհամ Ալիևն իր հայտարարություններն անելիս լավ կանի մտածի հենց այս դիրքից», - ասաց Աշոտ Ղուլյանը։
Նա ընդգծեց՝ պետական շինարարությունը կայուն, հետևողականորեն առաջ ընթացող մի գործընթաց է, որը պարբերաբար թարմացումների կարիք ունի։
«Մենք այս մտադրությամբ ենք սկսել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Միանշանակ, փոփոխությունները վերաբերվելու են մեր երկրի բոլոր ոլորտներին՝ անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն, ինչպես նաև կառավարական համակարգերի կատարելագործմանը։ Այսօր ես փողոց դուրս գալուց հասկացա, որ 29 տարի առաջ արցախցիների սերունդը ԽՍՀՄ-ում առաջին անգամ ազատության դրոշ է բարձրացրել ու այսօր էլ այս տարածաշրջանի ժողովուրդը երևի թե նույն ժողովրդավարական, ազատության դրոշակակիրն է շարունակում մնալ ու դա պարտավորեցնող առաքելություն է», - նշեց Աշոտ Ղուլյանը։