20/02/2017 10:50
Արցախի քաղաքացիները բավականին ակտիվ են մասնակցում հանրաքվեին
Ստեփանակերտի 3/8 ընտրատեղամասում այս պահի դրությամբ գրանցված 1428 հոգուց քվեարկել է 75-ը:
«Առավոտյան տեղամասը բացվեց ըստ կարգի, քվեարկությունն ընթանում է նորմալ, առանց միջադեպերի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտրատեղամասի նախագահ Լյուդմիլա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրենց տեղամաս այցելել են նաև միջազգային դիտորդներ, մասնավորապես Աբխազիայից, որոնք արձանագրել են, որ ընտրություններն ընթանում են պատշաճ ձևով:
1/8 ընտրատեղամասում ևս միջադեպեր չեն գրանցվել:
«Մեզ մոտ նույնպես ընտրությունները հանդարտ են ընթանում: Արդեն 67 մարդ է քվեարկել: Քիչ անց այստեղ իր ընտրական պարտքը կկատարի ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը», - ասաց ընտրատեղամասի նախագահ Նաիրա Պետրոսյանը:
Այս տեղամաս ևս այցելել են դիտորդներ, մասնավորապես, Գերմանիայից, որոնք արձանագրել են, որ ընտրություններն ընթանում են նորմալ, առանց միջադեպերի:
Ընդհանուր առմամբ, ընտրատեղամասերում նշում են, որ Արցախի քաղաքացիները բավականին ակտիվ են մասնակցում հանրաքվեին և ուրախությամբ ընդգծում, որ ընտրություններին ակտիվորեն մասնակցում են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ: