20/02/2017 19:24
Չնայած Բաքվի ապարդյուն փորձերին՝ բոլորի համար էլ ակնհայտ է, թե ով է ապրիլին սկսել լայնածավալ ռազմական գործողությունները. Նալբանդյան
Չնայած Բաքվի ապարդյուն փորձերին՝ իրականությունը այլ կերպ ներկայացնելու, բոլորի համար էլ ակնհայտ է, թե ով է ապրիլին սկսել լայնածավալ ռազմական գործողությունները. «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Այդ մասին քաջատեղյակ է միջազգային հանրությունը, այդ թվում, անկասկած, նաև համանախագահ պետությունները։ Տարբեր պետությունների իմ գործընկեր արտգործնախարարների մոտ, ում հետ ես զրուցել եմ, որևէ կասկած անգամ չկա, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել այդ ագրեսիվ գործողությունները:
Այն, որ ադրբեջանական կողմը պարծենում է իր ենթադրյալ հաջողություններով՝ ամոթահար, իսկ ավելի ճիշտ անամոթ կերպով լռելով իր կորուստների մասին, թողենք նրանց խղճին...», - ասել է ՀՀ արտգործնախարարը։
Հարցին, թե ինչպե՞ս է արտգործնախարարը պատկերացնում փոխզիջումը և կարելի՞ է պատկերացնել Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների, Է. Նալբանդյանը պատասախանել է.
«Երբ Դուք հարց եք բարձրացնում ադրբեջանցի փախստականների մասին, որոնք, իմիջայլոց, առաջացել են հենց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում, պետք է նաև հարց ուղղեք՝ իսկ կարելի՞ է պատկերացնել մի քանի հարյուր հազար հայ փախստականների վերադարձը Ադրբեջան՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլ բնակավայրեր, որտեղ իրականացվել են հայերի սարսափելի ջարդեր, կոտորած, էթնիկ զտումներ՝ որպես լայնածավալ պատերազմի նախերգանք։ Նման հարցեր բարձրացնել մինչև կարգավորումը, որը տարիներ շարունակ տորպեդահարվում է հենց Ադրբեջանի կողմից, վաղաժամ է։ Նույն դիրքորոշումն ունեն նաև եռանախագահ երկրները։ Իմիջիայլոց, այդ մասին ասվում է նաև բանակցությունների սեղանին դրված բոլոր աշխատանքային փաստաթղթերում»։
Ինչ վերաբերում է փոխզիջմանը, նախարարն ասել է, թե հնարավոր փոխզիջում առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների կողմից՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ իրենց հայտնի հինգ հայտարարություններում, որոնցից Բաքվում, ըստ նախարարի՝ մեղմ ասած, խրտնում են։
«Դուք հարցնում եք թե ինչ փոխզիջում ենք մենք առաջարկում։ Միջազգային հանրության անունից համանախագահ պետությունների կողմից առաջարկվող փոխզիջումը Բաքուն հիմնովի մերժում է: Եթե դուք ծանոթ եք Բաքվից հնչող հռետորաբանությանը, ապա այնտեղ խոսում են վերջնագրերի լեզվով, այլ ոչ թե փոխզիջումների` կամ ամեն ինչ, կամ պատերազմ», - պատասխանել է նախարարը։