20/02/2017 17:13
Ապրիլյան պատերազմից տուժած Արցախի սահմանամերձ բնակավայրերը ակտիվ մասնակցում են հանրաքվեին
Արցախի Սամանադրական հանրաքվեին ակտիվ մասնակցում են ապրիլյան պատերազմի ժամանակ տուժած սահմանամերձ բնակավայրերը: Ինչպես Մարտակերից տեղեկացնում է Aysor.am-ի թղթակիցը, ժամը 15:00-ի դրությամբ Մարտակերտի շրջանի 13 306 ընտրողից իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 7305-ը:
«Ընտրողներն ակտիվ ու գիտակցված են գնում այս ընտրությանը: Գիտեն, որ ընտրում են իրենց ապագայի համար», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը:
Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, որը տուժել էր ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով, ժամը 16:00-ի դրությամբ 382 ընտրողից հանրաքվեին արդեն մասնակցել է 311-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Թալիշից ռազմական գործողությունների հետևանքով Ալաշան բնակավայր տեղափոխված 359 քաղաքացիներից քվեարկել է 168-ը:
Սահմանամերձ Տոնաշեն գյուղի 135 ընտրողից ժամը 16:00-ի դրությամբ քվեարկել է 129-ը, իսկ Մարտակերտ քաղաքի 2844 ընտրողից քվեարկել է 1650-ը:
Տվյալներն Aysor.am-ին տրամադրել է Մարտակերտի շրջանային շտաբը:
Մարտակերտի շրջանում ընտրությունները դիտարկել են միջազգային դիտորդներ Ռուսաստանից, Գերմանիայից և Արգենտինայից, որոնք դրական են գնահատել ընտրական գործընթացը:
Դիտորդների գնահատականները Aysor.am-ը կներկայացնի քիչ ուշ: