20/02/2017 19:59
Ես չեմ վախենում Բաքվի սև ցուցակից, որովհետև այն թուլության նշան է. Արգենտինացի դիտորդ
Լեռնային Ղարաբաղում ընթացող հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, Մարտակերտում Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արգենտինայից ժամանած դիտորդ Բրենդա Օսթինը։
«Այսօր ես եղա Ստեփանակերտի, Մարտակերտի և Ասկերանի մի շարք ընտրատեղամասերում։ Կարող եմ ասել, որ Ղարաբաղում ընթացող ընտրությունները շատ նման են հենց Արգենտինայում կամ Հարավային Ամերիկայի մյուս երկրների ընտրություններին։ Ինձ հատկապես զարմացրեց կազմակերպվածությունը։ Բոլորը գիտեին, թե ով ինչ պետք է անի», - ասաց Օսթինը։
Նա նշեց, որ ինքը ծանոթ է սահմանադրության նոր տարբերակին. «Կարծում եմ՝ այս հանրաքվեով լիովին արտացոլվում է ժողովրդի ձայնը»։
Բրենդա Օսթինն Արցախում առաջին անգամ է, նրան դուր են եկել այստեղի գեղեցիկ տեսարաններն ու ժողովուրդը. «Այստեղ բոլորը շատ հյուրասեր են, և որտեղ եղանք, ես նկատեցի, որ ժողովուրդը շատ լավ գիտի իր պատմությունը և այն ուղեկցում է նրանց նաև այսօր»։
Aysor.am-ի հարցին, թե չի վախենում արդյոք Արցախ այցելելուց հետո հայտնվել Բաքվի սև ցուցակում, նա ասաց՝ ոչ։
«Սև ցուցակն անհրաժեշտ է իրենց, կարծում եմ, այն բանի համար, որ Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի մարդիկ ամբողջ աշխարհից այցելեն այստեղ ու տեսնեն, որ ամեն բան լավ է ու հանդարտ։ Ես չեմ վախենում սև ցուցակից, որովհետև այն թուլության նշան է։ Ադրբեջանը ուժ չունենալու պատճառով է կազմում նման սև ցուցակ։ Բացի այդ, ես այստեղ չեմ եկել ասելու՝ Արցախն անկախ է, թե ոչ, չեմ եկել խոսելու քաղաքականության մասին։ Եկել եմ դիտարկելու մարդու իրավունքների պաշտպանությունը և այս առումով ամեն բան կարգին է», - ասաց նա՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների տեսանկյունից շատ մտահոգ է ապրիլին տեղի ունեցած իրադարձություններով։
«Արգենտինայի համար ամենակարևորը այստեղի բնակչության, մարդու իրավունքների պաշտպանությունն է նաև», - ամփոփեց նա՝ նշելով, որ մեծ սիրով էլի կայցելի Արցախ։