20/02/2017 14:27
Այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, անընդունելի է. Սերժ Սարգսյան
Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանի Հանրապետության հանրային և ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին։
«Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության հարցերը չեն պատկանում Զինված ուժերի ղեկավար կազմի ուղղակի լիազորությունների շարքին: Սակայն դուք բոլորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, ուստի այդ հարցերի պարզաբանումը ձեզ համար կարևոր եմ համարում հենց այդ տեսանկյունից:
Մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված, հաճախ՝ խիստ հակասական ու անհասկանալի: Սակայն դա բնավ չի նշանակում, որ այդ ամենի հետ մենք պետք է պարզապես համակերպվենք և ձեռքներս ծալած նստենք, սպասենք, տեսնենք, թե մեզ ինչ անակնկալներ են հրամցնելու:
Ասել եմ և կրկնում եմ՝ այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է:
Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն», - ասել է նախագահը։
Նա նշել է, թե երկրի հասարակական կյանքի կազմակերպման և լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են:
Նախագահի խոսքով՝ թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա:
«Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Սահմանադրության բարեփոխման գործընթացը: Մեր երկիրն այդպիսով թևակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ, որն անմիջապես պետք է զգալի լինի անձամբ ձեր և ձեր ընտանիքների համար:
Գիտեմ, որ ձեզնից շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ: Այո, 2018 թվականից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլևս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ:
Երկար քննարկումներից հետո մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեզ համար նման «համակեցություն» ձևավորելը շատ երկարատև պրոցես է և, կներեք, բայց մեզ համար, ցավոք սրտի, դեռևս անիրականանալի: Բոլորդ էլ գիտեք, որ կիսալուծումները սովորաբար պարտադրված և ամենավատ լուծումներն են, ուստի և անհրաժեշտ էր գտնել և տալ ամբողջական լուծում», - ասել է Սերժ Սարգսյանը:
Դիմելով ներկաներին` նախագան ասել է, որ իրենց աշխատանքի վրա այս փոփոխությունները որևէ անդրադարձ չեն ունենալու և եթե ունենալու են, ապա միայն դրական տեսանկյունից:
«Ազգային պաշտպանության կազմակերպման և կառավարման տեսանկյունից այս փոփոխությունը, ինչպես ասացի, միայն դրական ազդեցություն է ունենալու: Հայաստանի պետությունը շարունակելու է գուրգուրել և փայփայել իր անփոխարինելի և սիրելի զավակին՝ հայկական բանակին», - ասել է նախագահը։