20/02/2017 13:03
Սահմանադրական բարեփոխումները կոչված են իրավական մշակույթի պայմաններում կառուցելու երկրի կյանքը. Բակո Սահակյան (Տեսանյութ)
Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում քիչ առաջ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
«Փետրվարի 20-ը սկիզբ դրեց մեր ազգային ազատագրական շարժման և պետականության վերակերտման։ Սա քայլ առաջ է մեր պետականաշինության գործում», - քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բակո Սահակյանը։
Նախագահն ասաց, թե այս տարիները լավագույն ապացույցն են Արցախի անշեղի ճանապարհի, և այս հանրաքվեով Արցախի ժողովուրդն իր հավատարմությունն է ներկայացնում այն արժեքներին, որոնցով առաջնորդվել է այս տարիների ընթացքում։
«Ոչ միայն հույս ունեմ, այլ համոզված եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել ազգային ազատագրական պայքարի տարիների շրջանում, մեզ բերել է գերությունից ազատվելու հնարավորություն, մեզ համար ստեղծել է նպաստավոր պայմաններ՝ մեր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, և մենք հաստատուն քայլերով ընթանում ենք դեպի մեր կողմից երազած ապագան», - ասաց Բակո Սահակյանը։
Նա նշեց, երբ քաղաքական ուժերը նախաձեռնել են այս գործընթացը, նրանց նպատակը եղել է պարզ։
«Այս քայլով մենք հետապնդում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու մեր երկրի զարգացման և շենացման համար։ Սահմանադրական բարեփոխումները ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելու համար են, այլ կոչված են իրավական մշակույթի պայմաններում տվյալ երկրի կյանքը կառուցելու։ Բոլոր նրանք, ովքեր այլ կերպ են մեկնաբանում, ոչ միայն ճիշտ չեն, այլև՝ ազնիվ չեն»,- ասաց Բակո Սահակյանը։