20/02/2017 19:14
ԱԳ նախարար. Ներկայում բանակցություններին չկան ղարաբաղյան կողմի ուղղակի շփումներ Ադրբեջանի հետ՝ վերջինիս ցանկության բացակայության պատճառով
ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի որոշման համաձայն՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում։ Դա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների ընդհանուր կոնսենսուսային դիրքորոշումն է, «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը :
«Բանակցային գործընթացն այլ ձևաչափեր, այդ թվում նաև ՄԱԿ տեղափոխելու ապարդյուն փորձերի փոխարեն, շատ ավելի խելամիտ կլիներ, եթե Ադրբեջանը չխոչընդոտեր բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը միակ կառույցն է, որն ունի ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվելու միջազային հանրության համապատասխան մանդատը։ Այս ձևաչափը համաձայնեցվել և ընդունվել է հակամարտության բոլոր, այդ թվում՝ ադրբեջանական կողմից։ Բաքվի մոտ ընտրովի հիշողություն է, այնպես որ մենք ստիպված ենք պարբերաբար հիշեցնել նրան ձեռքբերված պայմանավորվածությունների ու ստանձնած պարտավորությունների մասին»,- ասել է ԱԳ նախարարը:
Պատասխանելով գործակալության հարցին, թե ինչո՞ւ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ տարածաշրջան իրենց այցելությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում են Արցախի ղեկավարության հետ, լսում են Ստեփանակերտի տեսակետը։
«Ինչպես տեսնում եք, Արցախն իրապես ներգրավված է բանակցային գործընթացում, սակայն այս փուլում ոչ լիարժեք ձևաչափում, այսինքն՝ չկան ղարաբաղյան կողմի ուղղակի շփումներ Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից ցանկության բացակայության պատճառով։
Առանց Արցախի մասնակցության հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ։ Դա շատ լավ հասկանում են ու դրա մասին խոսում են միջնորդները։ Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է, թե իբր չի հասկանում՝ ջայլամի քաղաքականություն իրականացնելով՝ չնայած վերջին տարիներին քննարկվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակման գործընթացում ղարաբաղյան կողմի ուղղակի մասնակցությունը: