20/02/2017 11:16
ԼՂՀ ԱԺ նախագահը խորհուրդ է տալիս Ադրբեջանին դուրս գալ հոգեբանական բարդույթից (Լուսանկարներ)
Սահմանադրական հանրաքվեի քվեարկությամբ Արցախն ամրապնդում է այն գաղափարը, որն արտահայտվել է 1988 և 1991 թվականներին, Ստեփանակերտում քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Սահմանադրությունը շատ համապարփակ փաստաթուղթ է ու դժվար է մի քանի բառով ասել, թե այն ինչ կտա մեզ։ Բայց այն որ Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը և՛ ներքին իմաստով, և՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով, միանշանակ է: Ես վստահ եմ, որ դա Սահմանադրության հիմնական առաքելություններից մեկն է», - ասաց Աշոտ Ղուլյանը։
Նա ընդգծեց՝ այսօր կա նոր սերունդ, որը «պետք է ոչ միայն առաջին գծում, այլև այստեղ իր կարծիքն արտահայտի երկրի ապագայի վերաբերյալ»։
Անդրադառնալով նոր Սահմանադրությունով կառավարման ձևի փոփոխությանը` ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ մտավախություն չունի նախագահի լիազորությունների ավելացման կապակցությամբ։
«Այդ ամենի մշակումներին մասնակցել եմ անձամբ ու մեզ հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որ անպայման պետք է լինի Սահմանադրության մեջ», - ասաց Աշոտ Ղուլյանը։
Aysor.am-ի խնդրանքով նա անդրադարձավ նաև Ադրբեջանի հայտարարություններին՝ Արցախում ընթացող հանրաքվեն չճանաչելու մասին:
«Դա հարևան պետության խնդիրն է։ Կարծում եմ՝ այդ հոգեբանական բարդույթից ինչքան շուտ դուրս գան, այնքան իրենց համար լավ կլինի», - ասաց Աշոտ Ղուլյանը։
Նա նշեց, որ քվեարկությունից հետո պատրաստվում է հանդիպել դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությունների հետ։