20/02/2017 10:18
Բակո Սահակյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ:
1988 թվականի փետրվարի 20-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական և վճռորոշ օր, որն ազդարարեց արցախահայության` ազատ ու անկախ ապրելու անսասան կամքի մասին: Այն դարձավ համազգային միասնության և անպարտելի ոգու զարթոնքի խորհրդանիշ: Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման և մեր ազգային պետականության վերակերտման` ժողովրդավարության արժեքներին և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան:
Հանուն մեր արդար պայքարի հաղթանակի` սեփական կյանքը զոհեցին քաջ հայորդիներ, ովքեր իրենց անօրինակ խիզախությամբ ու սխրանքով գրեցին հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերը: Հավե~րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Այս բոլոր տարիների ընթացքում Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մենք կառուցում ու շենացնում ենք բոլորիս համար թանկ ու սիրելի Արցախը, պաշտպանում ենք մեր պապենական հողն ու օջախը, մեր երեխաների ապագան: Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց և մեր իրավունքները միշտ կպաշտպանենք:
Թանկագի՛ն արցախցիներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պետական կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ ազատ ու անկախ Արցախի Հանրապետությանը և մեր ողջ ժողովրդին»: