20/02/2017 19:19
Ես շատ եմ ցանկանում, որ այս փառատոնը լինի շարունակական. Մարտին Վարդազարյան
Փետրվարի 15-ին մեկնարկել և մինչև փետրվարի 28-ը կշարունակվի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը՝ նվիրված 20-րդ դարի անվանի հայ կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին։ Այս օրերին Հարո Ստեփանյան- փառատոնի ընթացքում անցկացվում են կամերային և սիմֆոնիկ համերգներ՝ ներկայացնելով ոչ միայն Հարո Ստեփանյանի, այլև՝ մեր մյուս կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը ողջունում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությունը՝ անցկացնել Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն։
«Ես շատ եմ ցանկանում, որ այս փառատոնը լինի շարունակական։ Հաճախ չէ, որ հնչում է հայկական երաժշտությունը մեր բեմերից և մեր նվագախմբերի կատարմամբ։ Ողջունելի, շնորհակալությամբ և սպասելիքներով լի մասնակցում ենք այս փառատոնին», - Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց Մարտին Վարդազարյանը։
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանն էլ նկատեց՝ շատ կարևոր է, որ բազմաժանր, բազմակողմանի համերգների մեջ ուրույն տեղ ունի հայ կոմպոզիտորական դպրոցը։
«Ժամանակակից սերունդը շատ բան չգիտի Հարո Ստեփանյանի մասին։ Հարո Ստեփանյան-ֆեստը մեզ ծանոթացնում է նրա բազմաժանր գործունեությանը։ Նա հինգ օպերաների հեղինակ է, բայց, դժբախտաբար, վերջին 40 տարում դրանք չեն կատարվել։ Երեք սիմֆոնիաների, կամերային գործերի հեղինակ է։ Նրա ամենասիրելի ժանրը եղել է ռոմանսը։ Հարո Ստեփանյանը մարդ է, կոմպոզիտոր, ով իր գիտակցական կյանքը նվիրել է հայկական երաժշտարվեստին։ Նա փայլուն կրթություն է ստացել Լենինգրադում։ 10 տարի՝ 1938-48թթ., եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, հսկայածավալ գործունեություն է ծավալել հենց կոնսերվատորիայում։ Սակայն, չգիտես ինչու, նրա մշակութային ժառանգությունը մոռացության է մատնվել։ Եվ գնահատելի է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հնչեցնում է նրա գործերը», - նշեց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց՝ Երիտասարդական նվագախումբն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է հայ կոմպոզիտորական դպրոցին՝ սկսած մեր դասականներից՝ Չուխաջյան, Սպենդիարյան, Եղիազարյան, մինչև ժամանակակից հեղինակներ։
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման համերգին ելույթ է ունենալու աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։ Նա ներկայացնելու է Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա)։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը։