21/02/2017 16:28
Եթե ընտրությունների համար «Օսկար» տալիս լինեինք, ապա Արցախն անպայման կարժանանար այդ Օսկարին. կանադացի պատգամավոր
Փետրվարի 20-ին Արցախի հնարաքվեն անցել է թափանցիկ և միջազգային ստանդարտներին համահունչ, այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասացին Միացյալ Նահանգների ու Կանադայի պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նրանք նշեցին, որ Արցախը հաշվի է առել նախորդ ընտրությունների ժամանակ արված դիտողությունները և դիտարկումները, շտկել է դրանք։
«Արցախում բացարձակ նվիրվածություն էր, մարդիկ զարմանալի ակտիվությամբ մասնակցում էին ընտրութուններին։ Սա մի բան է որ մենք էլ կարող ենք սովորել Արցախից», - ասաց ԱՄՆ պատվիրակության անդամ Անդրեաս Պորկեասը։
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիբիանիսն առհասարակ նշեց, որ հիացած է անցկացված հանրաքվեով։
«Դուք գիտեք՝ մենք Օսկար և «Գրեմմի»-ներ ենք շնորհում, եթե ընտրությունների համար «Օսկար» տալիս լինեինք, ապա Արցախն անպայման կարժանանար այդ Օսկարին։ Ընդ որում, այն պետք էր տալ ոչ միայն ընտրությունները կազմակերպողներին ու անցկացնողներին, այլև Արցախի ժողովրդին, որն ակտիվությամբ մասնակցում էր քվեարկությանը։ Մենք ձեզանից սովորում ենք», - նշեց կանադացի պատգամավորը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք պատվիրակությունների ներկայացուցիչներն արդեն Ադրբեջանի «սև ցուցակու՞մ» են, ԱՄՆ պատվիրակության անդամ Անդրեաս Պորկեասը կատակեց. «Կարծես թե ես Սուրբծննդյան բացիկներ չեմ ստանում Ադրբեջանից։ Կարծում եմ, եթե կա ժողովրդավարություն՝ ուժեղ ինստիտուտներով, արդեն սև ցուցակ կազմելու ու պահպանելու կարիք չկա, իսկ Ադրբեջանը դա անում է»։