21/02/2017 15:17
Ղարաբաղյան հակամարտության հարցում Իլհամ Ալիևը կինը շատ ավելի լավ կբանակցի Հայաստանի ղեկավարության հետ. Հովհաննես Սահակյան
Ղարաբաղյան հակամարտության հարցում Իլհամ Ալիևը կինը շատ ավելի լավ կբանակցի Հայաստանի ղեկավարության հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահի պաշտոնում:
«Նկատի ունեմ՝ կինը շատ ավելի հմուտ գործիչ է։ Նա ավելի ադեկվատ կլինի, շատ ավելի լավ կբանակցի մեր արտաքին դիվանագիտության առաջնորդների հետ», - ասաց Հովհաննես Սահակյանը։
Պատգամավորն ասաց, թե ամեն դեպքում «Աստված էլ բեթարից ազատի», քանի որ, ըստ Սահակյանի, օրինակ, կարող էր նշանակել Ադրբեջանի նախագահ, այդպես ավելի հետաքրքիր կլիներ։
«Ֆեոդալական երկիր է, հեռու ժողովրդավարական, ընտրական պրոցեսներից։ Եթե տրամաբանությունն ես նայում, ապա տրամաբանություն չկա այս նշանակման մեջ. եթե նայում ես համաշխարհային պրակտիկան, դարձյալ նման բան չկա», - նշեց պատգամավորը։
Իլհամ Ալիևը, ըստ Հովհաննես Սահակյանի, ցայտնոտի մեջ է, որն արտացոլվում է տարբեր դրսևորումներով. «Սա էլ ամենավառ ապացույցն է, երբ երկրի նախագահը փոխնախագահ է նշանակում իր կնոջը։ Պետք է հետևել և հաճույք ստանալ»։