21/02/2017 16:01
Մեհրիբան Ալիևայի նշանակումը պայմանավորված է ադրբեջանական կլանների հավակնությունները բավարարելու անհրաժեշտությամբ. Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)
Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու մասին որոշումը չի կարելի դիտարկել միայն ալիևյան կլանն ուժեղացնելու՝ Իլհամ Ալիևի ցանկության լույսի ներքո, Aysor.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Վստահ եմ, նման որոշման հիմքում մի շարք այլ պատճառներ էլ կան, որոնք առաջին հայացքից կարող են այդքան էլ հստակ չերևալ։ Հասկանալու համար, թե ինչ է իրականում անում Իլհամ Ալիևը, նախ պետք է իմանալ, որ Մեհրիբանի հետ իր ամուսնությունն անգամ քաղաքական որոշում էր՝ հաշտության յուրատեսակ մի պայմանագիր, որը տարիներ առաջ կնքվել էր ադրբեջանական երկու հզոր կլանների՝ Փաշաևների և նախիջևանցիների միջև։ Այդ դաշինքը ժամանակին օգնել է Հեյդար Ալիևին ազդեցիկ դիրքեր ունենալ Ադրբեջանում, հետո նաև ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր կլիներ իշխանությունը ժառանգել որդուն՝ Իլհամին։ Ադրբեջանի գործող նախագահը, ըստ էության, այսօր գնում է նույն այն ճանապարհով, որը ժամանակին փորձարկել և հարթել էր իր համար Ալիև ավագը», - նշեց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով, իրականությունն այն է, որ Ադրբեջանի թե՛ գործող և թե՛ նախկին ղեկավարները մշտապես ստիպված էին որոշակի հավասարակշռություն պահել հանրապետությունում մեծ ազդեցություն ունեցող երկու վերոնշյալ կլանների շահերում՝ իհարկե, չմոռանալով, որ փաշաևներից ու նախիջևանցիներից բացի այնտեղ այլ ազդեցիկ ուժեր էլ կան։
«Ուստի, վստահ եմ, որ Ալիևի այսօրվա որոշումը, որքան էլ այն թելադրված լիներ սեփական տոհմի իշխանությունը հավերժացնելու ցանկությամբ, այնուամենայնիվ թելադրված է նաև գործընկեր կլանների հավակնությունները բավարարելու անհրաժեշտությամբ», - ընդգծեց Հ.Մելիք-Շահնազարյանը: