21/02/2017 15:05
Ռուս սպառողին զարմացրել է հայկական գինու բազմազանությունը և համային հատկանիշները. հարցազրույց՝ Վահե Ջիլավյանի հետ
Այս տարի՝ փետրվարի 6-10-ը, Հայաստանն առաջին անգամ Ռուսաստանում՝ Մոսկվա քաղաքում, մասնակցեց «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին, որտեղ ներկայացավ 12 գինեգործական ընկերություններով` արտերկրյա սպառողին ներկայացնելով շուրջ 50 անուն հայկական գինիներ։ Թե ինչպես է ներկայացել Հայաստանն այդ ցուցահանդեսին և ինչպիսի հաջողություններ է ունեցել, այդ մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ցուցահանդեսին ներկա հայկական պատվիրակության անդամ, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանի հետ:
- Ո՞ր գինիներն են ներկայացվել Մոսկայում «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին:
- 2017-ին Մոսկվա քաղաքում կայացած «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին ներկայացվել են 12 ընկերություններ՝ ավելի քան 50 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներով: Մասնակից ընկերությունների թվում էին ինչպես խոշոր գինեգործական ընկերությունները, այնպես էլ փոքր գինեգործները: Մասնակից ընկերություններն էին՝
1. Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ
2. Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս
3. Անուշ-1 ՍՊԸ – Կատարո /Երևանի մասնաճյուղ/
4. Քյօշ ՍՊԸ
5. Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ
6. Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor
7. Վայք Գրուպ ՓԲԸ
8. ՎանՍևան ՍՊԸ - Ոսկենի
9. Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ
10. Էդվագ Գրուպ ՍՊԸ
11. Վեդի Ալկո ՓԲԸ
12. Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի
- Ինչպիսի՞ն է եղել ռուս սպառողի արձագանքը հայկական գինու վերաբերյալ: Արդյոք դուր է եկել նրանց հայկական գինին:
- Հայկական գինին իր պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս նպանատիպ հեղինակավոր ցուցահանդեսում՝ առանձին տաղավարով: Ռուս սպառողին զարմացրել է հայկական գինու բազմազանությունը և համային հատկանիշները: Բացարձակ բացահայտում էր այս շուկայի համար մեր «Խնդողնին», քիչ թե շատ արդեն ծանոթ «Արենին», բայց ավելի կատարելացված եղանակով. հայկական փրփրուն գինին նույնպես շատ դրական ընդունվեց: Հայաստանը մինչև վերջերս Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է՝ որպես կոնյակ արտադրող երկիր և այս ցուցահանդեսին մասնակցությունը այս մատուցմամբ, այսինքն՝ առանձին հայկական գինու տաղավարի միջոցով, հեղաշրջում մտցրեց ռուս սպառողի մոտ:
- Ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ցուցահանդեսի ընթացքում՝ զբոսաշրջության տեսանկյունից։
- Քանի որ ցուցահանդեսը ընդհանուր առմամբ սննդի ցուցահանդես էր, ուստի այն զբոսաշրջության տեսանկյունից գլոբալ ոչինչ չտվեց։ Սակայն, Հայաստանը, հանդիսանալով Ռուսաստանի դաշնության վաղեմի բարեկամական երկիրը, միշտ գրավիչ է եղել ռուս զբոսաշրջիկի համար: Կարճ օդային ճանապարհը և Հայաստանի արևադարձային բնակլիմայական պայմանները նպաստում են զբոսաշրջությանը ընդհանրապես: Հայաստանը հանդես գալով «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին՝ ցույց տվեց ռուս սպառողին, որ Հայաստան այցելելու համար կան նաև այլ գրավչություններ. այցելելով մեր երկիրը՝ հնարավոր է փորձել և զգալ Հայկական պատմությունը գինու միջոցով:
- Ինչպե՞ս է ներկայացվել հայկական գինին, որ այն ավելի գրավիչ լինի:
- Հայաստանի Հանրապետության գինիները պատշաճ և գրավիչ ներկայացնելու համար Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության հիմնադրամի կողմից ցուցահանդեսի կազմակերպիչներին ներկայացվել է Հայաստանի գենեգործության պատմությունը, որը դրված է մեր գինիների ներկայացման և առաջխաղացման ռազմավարության հիմքում: Հայաստանի տաղավարի դիզայնը մշակելիս մենք փորձել ենք հաղորդել այն պատմությունը, որն ունենք և որը պետք է լսելի դարձնենք ամբողջ հանրության համար: Տաղավարի միջոցով մենք հաղորդել ենք այցելուներին մեր երկրի պատմությունը և մշակույթը:
Լուսանկարները՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ֆեյսբուքյան էջից