21/02/2017 15:30
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ներկայացնում է հայկական երաժշտարվեստի ամբողջ երանգապնակը
Փետրվարի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի հերթական համերգը։ Կամերային երեկոյի ընթացքում հնչեցին Հարո Ստեփանյանի, Վարդան Աճեմյանի, Սուրեն Զաքարյանի, Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները։
Հայ կոմպոզիտորական արվեստին փառատոնն ունկնդրին հնարավորություն է տալիս հանդիպելու հայկական երաժշտարվեստի ամբողջ երանգապնակին։
Հարո Ստեփանյանը փետրվարի 20-ի երեկոյին ներկայացավ իր վաղ շրջանի ստեղծագործություններով՝ 5 պար փողային քառյակի համար և Պոեմ և պար կլարնետի և լարային քառյակի համար։ Ի դեպ, այս գործերը կատարվում էին առաջին անգամ։
Փողային քառյակի համար 5 պարերը Հարո Ստեփանյանը գրել է 1934 թվականին։ Այս ստեղծագործության մեջ պատկերվում է 1930-ականների Երևանն իր արևելյան հմայքով, մանրանվագները փոխանցում են այն ռիթմը, որ հատուկ է եղել Երևանի քաղաքային կյանքին։
Համերգի ընթացքում հնչել են նաև Վարդան Աճեմյանի պիկոլո ֆլեյտայի, տուբայի, վիբրաֆոնի, կոնտրաբասի և դաշնամուրի համար գրված կվինտետը, Սուրեն Զաքարյանի «Սկիզբն արարման» լարային քառյակի համար և Վարդ Մանուկյանի Նվիրումն Սայաթ-Նովային լարային քառյակի համար ստեղծագործությունները։
Համերգային երեկոյին ներկայացել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փողային կազմը, Սարյանի անվան լարային քառյակը, ինչպես նաև դաշնակահարուհի Արուս Աճեմյանը։
Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Փառատոնի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը։