22/02/2017 20:23
«Սերը տարիք չի հարցնում». Հրաչյա Հարությունյանը՝ նոր կատակերգական ներկայացման մասին
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն օրերս հանդիսատեսին կներկայացնի իր բեմադրությամբ և մասնակցությամբ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացումը: Բեմադրման աշխատանքները սկսվել են մոտ 3 ամիս առաջ: Կատակերգական ժանրի պիեսի հեղինակը Ժան Կլոդ Իսլերն է:
«Շատ փակագծեր չեմ ցանկանա բացել, քանի որ յուրաքանչյուրը պետք է յուրովի ընկալի: Թատրոնի հրաշքը հենց այն է, որ ոչ-ոք չգիտի՝ հաջորդ պահին ինչ է սպասվում բեմում, ո՞ւր է հասնելու պատմությունը: Կարծում եմ՝ հանդիսատեսին հետաքրքիր գործ ենք առաջարկելու: Սա սիրո, մարդկային փոխհարաբերությունների մասին զվարճալի պատմություն է», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Հրաչյա Հարությունյանը:
ՀՀ վաստակավոր արտիստի բնորոշմամբ՝ կյանքը սկսվում է սիրուց ու այդ սերը մշտական ուղեկից է մնում:
«Շատ կարևոր են մարդկային փոխհարաբերությունները՝ լինի ընտանիքում, աշխատավայրում, հարազատների կամ ընկերների միջավայրում: Բեմն այդ ամենի խոշորացույցն է… Այս ներկայացման մեջ էլ կան մարդկային բազմաշերտ փոխհարաբերություններ՝ հայր և դուստր, սիրեկան ու սիրուհի, կին և ամուսին… Բայց կյանքում ամեն ինչի շարժիչ ուժը սերն է», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Դերասան-բեմադրիչը նկատեց՝ ներկայացման շրջանակներում հրաշալի դերասանական կազմ է հավաքվել. Գոհար Իգիթյան, Նարինե Պետրոսյան, Արտաշես Մխիթարյան, Մարիամ Ադամյան: Բոլոր դերասաններն ընտրված են Դրամատիկական թատրոնից, Մարիամ Ադամյանն էլ թատրոնի նոր, երիտասարդ սերնդից է: Հարցին, թե արդյոք ռիսկային չէր գլխավոր դերում ընտրել հենց Մարիամ Ադամյանին, քանի որ, որպես դերասանուհի, ծանոթ չէր նրա կարողություններին, պատասխանեց.
«Մարիամ Ադամյանը մեր թատրոնի երիտասարդ դերասանուհիներից է: Այո, այստեղ նրա առաջին դերն է՝ այն էլ գլխավոր դերակատարմամբ: Կարծում եմ՝ հրաշալի աշխատանք է: Տարիքը, արտաքինը համապատասխանում էր հերոսուհուն: Երբ նրա մասնակցությամբ ներկայացման փորձի մի հատված տեսա, անմիջապես ինձ գրավեց աղջկա շնորքն ու տաղանդը: Միասին աշխատելուց օրեր անց համոզվեցի, որ շատ ճիշտ ընտրություն եմ կատարել: Շատ լավ ճանապարհ կունենա այս դերասանուհին, փորձառու դերասաններից ոչ մի քայլ պակաս չի խաղում, ինչի շնորհիվ էլ հաստատեց իր տեղը Դրամատիկ թատրոնում»:
Ցանկացած բեմադրիչ այլ հեղինակների պիեսները ներկայացնելիս դրանք ադապտացնում է տվյալ ժամանակի ու երկրի բարքերին, իհարկե, բնօրինակից լիովին չշեղվելով:
«Արտառոց որևէ բան չեմ արել, ինչով կխախտեի պիեսի ընդհանուր տեսքը: Բայց ժամանակակից բեմադրության մեջ որոշ բաներ փոխվում են. հարմարեցնում ենք մեր լեզվին, ասելիքին, հումորին: Չէ՞ որ ամեն ազգ ունի հումորի իր զգացողությունն ու պահանջվող չափաբաժինը», - հավատացրեց նա:
«Սերը տարիք չի հարցնումը» Հրաչյա Հարությունյանի առաջին բեմադրությունը չէ. «Բեատրիչե», «Ցիլինդր», «Չաո», «Հյուրանոցի տիրուհին» «Վայրի աղջիկը 20 տարի անց», «Մահ իտալական ձևով», «Վերջին տանգոն»…… Թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում նա հաճախ է հանդես եկել ներկայացումներով:
Դիտարկմանը՝ դժվար չէ՞ միևնույն ներկայացման շրջանակում հանդես գալ երկու առաքելությամբ՝ տվյալ դեպքում դերասա՞ն, թե՞ բեմադրիչ Հրաչյա Հարությունյանն է զիջում, ժպիտով խոստովանեց.
«Ինձանից գաղտնիքներ եք ուզում իմանալ ու շատ ճիշտ հարց եք տալիս, իսկապես, ինչ-որ մեկը զիջում է, ու դա, ըստ իս, դերասանն է: Երբ ուրիշ ռեժիսորի մոտ եմ զբաղված, տրվում եմ իմ հիմնական գործին՝ դերասանությանը, բայց երբ և՛ բեմադրում եմ, և՛ խաղում այդ գործի մեջ, ամբողջ միտքս բեմադրության կառուցման ու կայացման վրա է սևեռվում, որպես դերասան՝ ինձ ամենավերջում եմ ուշադրություն դարձնում… Բայց դա ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Իհարկե, ներկայացման այն կտորը, որի ընթացքում բեմում չեմ, շատ ավելի լավ եմ տեսնում բացթողումները: Բայց հաճախ օգնության է հասնում գրեթե 40-ամյա փորձդ ու պրոֆեսիոնալիզմը: Չեմ թաքցնի՝ տեսարաններ կան, որ հեռախոսով նկարում եմ ու փորձում ռեժիսորի 3-րդ աչքով նայել… Գիտեք, երբեմն հենց այն պատճառով ես նախընտրում ինքդ բեմադրել, քանի որ կա ճաշակի, ասելիքի խնդիր: Մատուցում ես այն, ինչ ուզում ես ասել, ինչի մասին ցանկություն ունես խոսել, բարձրաձայնել»:
Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենալու մարտի 10-ին: Մարտի 9-ին թատրոնում ընդունված կարգի համաձայն՝ գեղարվեստական խորհուրդը, որի անդամ է նաև Հ. Հարությունյանը, կորոշի՝ «Սերը տարիք չի հարցնումը» կընդգրկվի՞ Դրամատիկական թատրոնի հիմնական խաղացանկում, թե՞ ոչ:
«Միշտ պրեմիերայից մեկ օր առաջ գեղարվեստական խորհուրդը նայում է ներկայացումն ու որոշում վերջինիս ճակատագիրը: Այս անգամ, իհարկե, ես կարծիք չեմ հայտնի, այլ լսողի դերում կլինեմ: Անկեղծ ասած՝ այս 40 տարվա մեջ չեմ հիշում այնպիսի դեպք, որ չի ընգրկվել ներկայացումը խաղացանկում: Բայց, միևնույն է, շատ լուրջ ու խիստ եմ մոտենում այս խորհրդին», - նկատեց նա:
Գրեթե 2 ժամ տևողությամբ ներկայացման երաժշտական ձևավորման հարցում ևս ՀՀ վաստակավոր արտիստն ուղղորդվել է սեփական ճաշակով, սակայն նման ընտրության պատճառը միայն անձնական նախասիրությունները չեն:
«Ներկայացման ընթացքում կհնչեն իմ շատ սիրելի խմբի՝ Բիթլզի կատարումները: Պատճառը ոչ միայն այն է, որ դա իմ սերնդի երաժշտությունն է ու ես շատ եմ սիրում, այլ՝ նաև պիեսն է թելադրում դա… Որպես երաժշտական ձևավորում էլ օգտագործել ենք Բրուբեկի, Գուդմանի և Միլլերի գործերը», - մանրամասնեց դերասանը:
Մարտի 10-ին՝ պրեմիերայի օրը, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դահլիճում կլինեն նաև հատուկ հյուրեր: Բեմադրիչ-դերասանի հատուկ հյուրերը, հիմնականում, ընտանիքի անդամներն են:
Զրույցի վերջում Հրաչյա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես իր բեմադրած ներկայացումն է հուշում, իսկապե՞ս սերը տարիք չի հարցնում:
«Սերը չի կարելի դնել կաղապարների մեջ, այն ոչ միայն տարիք, այլ՝ ոչինչ ու ոչ մի բան էլ չի հարցնում, որևէ բանի չի ենթարկվում: Սերը կա՛մ կա, կա՛մ չկա: Եթե այն առկա է ու իսկապես սեր է, նշանակում է ամեն ինչ օրգանական է, հասկանալի է ու ճիշտ: Ավելի կարևոր բան, քան սերն է, չի ստեղծվել՝ լինի հայրենիքի, ընտանիքի, բնության, կնոջ ու տղամարդու հանդեպ: Սերն է առաջ շարժում կյանքը: Ու եթե առավել չի արագանում աշխարհի կործանումը, նշանակում է՝ դեռ կա սեր, գոնե մի քիչ մնացել է: Ու սա լոկ սիրուն բառեր չեն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստը: