22/02/2017 10:59
Կարևոր է, որ գիրքը մեկ շնչով կարդալու ցանկություն առաջանա. ի՞նչ գիրք են կարդում հայ հայտնիները
2009 թվականին Հայաստանի գրողների միության կողմից Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հռչակվեց գիրք նվիրելու օր: Սա ընթերցասեր հասարակության համար օրը տոն դարձնելու հրաշալի առիթ էր: Ի՞նչ գիրք ենք սիրում նվեր ստանալ ու նվիրել, ովքե՞ր են մեզ հանդիպած առաջին ու վերջին հեղինակները, ուսուցողակա՞ն են արդյոք գրքի հերոսները… Այս և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է հայ արվեստագետներից մի քանիսի հետ:
Նորա Գրիգորյան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի, բեմադրիչ)
Ցանկություն էի հայտնել, որ ինձ նվիրեն «Режиссерские уроки Вахтангова» գիրքը, սակայն Հայաստանում այն գտնելը դժվար է: Երևի այդ պատճառով էլ այս տարի գիրք նվեր չստացա: Այժմ հետաքրքրվում եմ ռեժիսորների պրակտիկայով, պատմություններով ու կյանքով: Անկեղծ ասած՝ շատ եմ տպավորվել Պոլ Յանգի «Хижина» ստեղծագործությունից, որտեղ Աստծո կերպարը մարմնավորում են 3 հոգի, գլխավորը՝ սևամորթ կին է… Ասեմ, որ ինքս ամուսնուս նվիրել եմ Սերգեյ Դովլաթովի գրքերի հավաքածուն, ում նա շատ է սիրում:
Ի դեպ, կարդացածս առաջին գիրքը Գեկտոր Մալոյի «Без семьи» գիրքն է եղել, վերջերս էլ կարդում էի Մարինա Դավիդովայի «Конец театральной эпохи» ստեղծագործությունը:
Իռեն Ուլիխանովա (Պարուհի)
Տղայիս նվիրել եմ աշխարհի, երկրագնդի մասին գիրք՝ բավականին հետաքրքիր փազըլ լուծումներով: Խոստովանեմ՝ ինքս որևէ գիրք նվեր չեմ ստացել, միայն ավտոճանապարհային տուգանքների՝ գրքի հաստության նամակներ (ժպտում է):
Կցանկանայի նվեր ստանալ Էդվարդ Ռադձինսկու 4 հատորից բաղկացած գրքերը՝ «Большая книга империй»: Ասեմ, որ շատ եմ սիրում կարդալ Դոստոևսկու գործերը: Ինչ վերաբերում է ինձ վրա ազդեցություն գործած հերոսներին՝ ճիշտ է, ընթերցելիս ամբողջովին կլանվում եմ, բայց հիմա չեմ կարող հիշել որևէ հերոս, ով ինձ վրա ազդեցություն է գործել: Չեմ հիշում նաև կարդացածս առաջին գիրքը, բայց վերջին կարդացածներս Պաուլո Կոելիոյի գրքերն են:
Սոնա Շահգելդյան (երգչուհի)
Ես միշտ եմ գրքեր նվեր ստացել, պապիկիցս մնացած շատ գրքեր ունեմ: Տատիկս էլ, ով մանկավարժ է՝ պատմության մասնագետ՝ մեծ գրադարան ունի, որից բոլորս օգտվում ենք: Մի անգամ ծննդյանս օրը իմ շատ սիրելի Աշոտ Լյուդվիկովիչից նվեր ստացա «Բոլոր աշխարհի աստղերը» գիրքը: Ասեմ, որ շատ ուրախ ու հպարտ եմ, որ իմ գրադարանում կա իմ շատ սիրելի քավոր, երգիչ-երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի գիրքը:
Մարինա Մարտիրոսյան (Պարուհի)
Անկեղծ ասած՝ վերջին շրջանում մենք միայն մանկական գրքեր ենք նվեր ստանում: Ես էլ մանկական գրքեր եմ նվիրում իմ ու մտերիմներիս բալիկներին: Բայց շատ կցանկանայի արվեստի որևիցե բնագավառի թեմայով հանրագիտարան նվեր ստանալ:
Բայց ասեմ՝ այս տարվա փետրվարի 19-ն առանձնացավ նրանով, որ բալիկներս անտառային կենդանիների մասին հեքիաթների գիրք նվեր ստացան: Մենք էլ մանկական հոգեբանական հեքիաթների գիրք ենք նվեր ստացել. Ելենա Ժուրեկի «Сказки Изумрудного Леса» գիրքը, որը շատ հետաքրքիր էր:
Մտերիմներիցս մեկն էլ ինձ նվիրեց Քրիս Բողջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը, որը բավական ժամանակ էր՝ ուզում էի գնել: Ներկա պահին հենց այդ գիրքն եմ կարդում, նախորդ կարդացածս նորից ցեղասպանության մասին էր, Մարգարեթ Աճեմյան Աներթի «Դռան թակոց»-ը:
Ինձ համար կարևոր է, որ գիրքը մեկ շնչով կարդալու ցանկություն առաջանա: Անհամբեր սպասես օրվա այն հատվածին, թե երբ պետք է այն բացես ու ընթերցես:
Ժանրերից նախընտրում եմ դետեկտիվը: Շատ եմ սիրում պատմավեպեր, նովելներ, հատկապես Ցվեյգի նովելները: Սիրում եմ Գրիգոր Զոհրաբի գործերը: Րաֆֆու, Մուրացանի վեպերն եմ սիրում… Ինձ նաև սոնետների ժանրն է գրավում՝ Շեքսպիր, Հյուգո: Իսկ այ դպրոցական տարիքում սիրում էի արկածային գրականություն՝ Դյումա, Դրայզեր… Մի հետաքրքիր գրող էլ կա՝ Մարկ Լևի:
Անփոխարինելի է մնում Էքզյուպերին՝ իր «Փոքրիկ իշխանով»: Դպրոցական տարիներին այն 3 անգամ կարդացել եմ, ամեն տարիքում յուրովի էի բացահայտում:
Հետագայում ինձ վրա շատ մեծ ազդեցություն ու տպավորություն գործեց Ռիչարդ Բախն իր «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» ստեղծագործությամբ: Այնքան էի տպավորված, որ երբ հետագայում խորեոգրաֆ դարձա, ցանկանում էի հենց այդ գործի հիման վրա պարային ներկայացում բեմադրել:
Վերջին տարիներին ինձ համար բացահայտեցի ֆրանսիացի գրող Գիյոմ Մյուսսոյին, ով ընթերցողին ամբողջ ընթացքում լարված է պահում:
Հերոսներից ինձ վրա մեծ տպավորություն են գործել Ցվայգի Մարիա Ստյուարտը, Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը, Շեքսպիրի Համլետը, Բախի Ջոնաթան Լիվինգսթոն ճայը, Մարգարեթ Աճեմյանի Էսթերը…
Կարդացածս առաջին գիրքը Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են եղել…