23/02/2017 17:26
ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը քաղաքական մառազմ է. Արտակ Զաքարյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի հանրաքվեն լուսաբանած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելու մասին Ադրբեջանի հայտարարություններին:
«Որպես զավեշտ և քաղաքական մառազմ է պետք որակել Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը՝ Արցախում Սահմանադրության հանրաքվեի իրականացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի անդամ պատգամավորներ Էլենի Թեոխարիուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ քրեական գործ հարցուցելու հետ կապված:
Այս արկածախնդրությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական իշխանությունների կողմից սեփական պետության հեղինակությունը ոտնատակ տալուն ուղղված ևս մեկ քայլ: Ադրբեջանը շարունակում է ապացուցել աշխարհին, որ ոչ միայն հեռու է «մարդու իրավունքներ» հասկացողությունից իր երկրի ներսում, այլ նաև պատրաստ է առոչինչ համարել միջազգային ընդունված նորմերն ու սկզբունքները:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելը կոչված է սահմանափակելու Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ազատ տեղարժման իրավունքը, խոչընդոտներ ստեղծելու ազատ խոսքի արտահայտման համար: Էլ չեմ ասում նրանց անձեռնմխելիության իրավունքի առկայության մասին: Այս ամենը կատարվում է 21-րդ դարում՝ մի պետության կողմից, որը հանդիսանում է եվրոպական կառույցների անդամ:
Ադրբեջանի այսպիսի վերաբերմունքը պետք է կոշտ արձագանքի արժանանա միջազգային կառույցների կողմից:
Այս ամենը ուղղված է ժողովրդավարության օրրաներից մեկը համարվող համաեվրոպական կառույցի դեմ: Սա քայլ չէ միայն այն պատգամավորների դեմ, ովքեր իրենց խղճի և մտքի ազատության ու համոզմունքների դրսևորման ձևերից մեկն են համարում Արցախի ժողովրդի ազատությանն ու անվտանգությանը սատարելը:
Եվրոպառլամենտի նախագահի հետ նախատեսվող հանդիպումը ցինիկաբար բոյկոտող, Եվրոպառլամենտի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված բանաձևերը ցուցադրաբար արհամարհող, սեփական երկրում ժողովրդավարությունը խեղդող, ընտանեկան կլանի իշխանությունը ամրապնդող Ադրբեջանի նախագահը միջազգային հանրության հանդուրժողականության հանդեպ չափն ու սահմանն արդեն հատել է: Ժամանակն է խանական այդ երկրին գրողի ծոցն ուղարկել Եվրոպական քաղաքականությունից», - գրել է Արտակ Զաքարյանը: