23/02/2017 10:42
Ադրբեջանն առիթներ է փնտրում բանակցություննների սեղան իր վերադարձը հետաձգելու ու առաջնագծում բախումների գնալու համար. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանն անընդհատ առիթներ է փնտրում բանակցություննների սեղան իր վերադարձը հետաձգելու ու առաջնագծում նոր բախումների գնալու համար, Aysor.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Տիգրան Աբրահամյանն` անդրադառնալով Արցախում փետրվարի 20-ին անցկացված հանրաքվեին ու դրա վերաբերյալ Ադրբեջանից հնչող գնահատականներին:
«Որքան էլ Ադրբեջանում փորձում էին ցույց տալ, որ միջազգային հանրությունը բացասական է արձագանքում այս իրադարձությանը, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ հնչող հայտարարությունների հիմքում, ընդհանուր թելով ընդամենը մի միտք էր հնչում, որ այն չի կարող ազդեցություն ունենալ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վրա», - ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա, նման հայտարարություններով միջազգային հանրությունն ու հատկապես համանախագահ երկրները, փորձում էին կանխել Ադրբեջանի կողմից նոր արկածախնդրության դրսևորումները:
«Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, Արցախում կայացած ու դրան մասնակից միջազգային դիտորդների կողմից արձանագրված միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքական գործընթացին որպես քայլ, Ադրբեջանում ավտորիտար ռեժիմներին համահունչ քաղաքական նշանակում եղավ, ինչն առավել պատկերավոր է դարձնում իրերի իրական դասավորությունն Արցախում և Ադրբեջանում», - ասաց փորձագետը:
Անդրադառնալով Արցախում Սահմանադրական հանրաքվեի անցկացումից հետո, դրա ընթացքին հետևող Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի ու Էլենի Թեոխարուսի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի քայլին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այսպիսով Ադրբեջանն անցնում է տրամաբանության բոլոր սահմանները:
«Միգուցե Ադրբեջանը կարճաժամկետ կտրվածքով որոշակի հաջողություններ ունենա ներքին քարոզչական խնդիրները լուծելիս, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով այս քաղաքականությունն Ադրբեջանի դեմ է աշխատելու: Ադրբեջան անցնում է տրամաբանության բոլոր սահմանները, որն ինչ որ փուլում միանշանակ հակազդեցություն է առաջացնելու», - ամփոփեց փորձագետը:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ, քանի որ նրանք այցելել են Արցախի Հանրապետություն ու հետևել անցկացվող Սահմանադրական հանրաքվեին: