23/02/2017 19:39
Ինձ անհնար է վախեցնել. Յարոմիր Շտետինան մեկնաբանել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու Ադրբեջանի որոշումը
Ադրբեջանի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը՝ Ադրբեջանի ծրագրի մի մասն է, Aysor.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Յարոմիր Շտետինան:
«Այդ ծրագիրը մեկնարկեց այն ժամանակ, երբ Մինսկում ձերբակալվեց բլոգեր Լապշինը: Իմ ու իմ գործընկերների նկատմամբ հետապնդումն այդ ծրագրի շարունակությունն է: Այն նպատակ ունի վախեցնել բոլորին, ովքեր ցանկանում են Լեռնային Ղարաբաղ այցելել: Ինձ անհնար է վախեցնել: Վստահ եմ, որ Արցախն էլ հնարավոր չէ վախեցնել», - ասաց եվրապատգամավորը:
Նրա խոսքով` Ադրբեջանը փորձում է իրականացնել Ղարաբաղում «նոր հիբրիդային պատերազմի ծրագիր»:
«Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Ղարաբաղն այն բանից հետո, ինչ 25 տարի առաջ պարտվեց պատերազմում ու 2016թ. ապրիլի անհաջողությունից հետո: Սա ինձ չի զարմացնում», - ընդգծեց Յ. Շտետինան:
«Ես աջակցում եմ Լեռնային Ղարաբաղին դեռ շատ վաղուց, որպես լրագրող ապրել եմ Լեռնային Ղարաբաղում պատերազմական շրջանում, պատերազմում զոհվել են իմ բազմաթիվ ընկերներ: Ես աջակցում եմ Արցախին` անկախության ձգտելու հարցում: Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ինձ պաշտպանում է անձեռնմխելիությունը եվրոպական երկրներում, իսկ Մինսկ և Բաքու մեկնել ես չեմ պատրաստվում», - ընդգծեց Յարոմիր Շտետինան:
Ավելի վաղ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոխարուսի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դիտարկում էին Սահմանադրական հանրաքվեն:
Հայաստանի ԱԳՆ-ն զավեշտալի է համարել Ադրբեջանի այս հայտարարությունը: «Արդեն վաղուց է Ադրբեջանն ամեն բան զավեշտի վերածում` և միջազգային իրավունքը, և նույնիսկ սեփական ներքին կյանքը: Սա զավեշտ է, որը ոչ մի կերպ չի կարող ազդել ԼՂՀ այցելությունների վրա», - լրագրողներին ասել է ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: