23/02/2017 19:14
Որդիս Հայաստանում կմկրտվի՝ Էջմիածնում, որտեղ այդ նույն տարիքում մկրտվել է իր հայրը. Արևիկ Ալավերդյան
Վերջին տարիներին Փարիզում բնակվող երգչուհի Արևիկ Ալավերդյան-Շահբազյանը, ում առաջնեկը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին, երեկ Հայաստան է վերադարձել՝ երկու ամսական որդուն տատիկ-պապիկի հետ ծանոթացնելու նպատակով:
Երգչուհին հղիության ընթացքում էլ ակտիվ ճանապարհորդ էր: Aysor.am-ը, բարի վերադարձ մաղթելով նրանց, հետաքրքրվեց՝ արդյոք ռիսկային չէ փոքրիկի՝ երկար ժամանակով ինքնաթիռում գտնվելը:
«Երեկ Դավիթս առաջին անգամ եկավ հայրենիք, նրա ճանապարհորդությունների բացումն արեցինք: Մեր գալու նպատակն այն էր, որ ընտանիքս ծանոթանա թոռնիկի հետ: Իսկապես, հղիության ընթացքում էլ հաճախ էի գալիս: Ե՛վ այն ժամանակ, և՛ առավել ևս հիմա, մեր ճամփորդություններն իրականացվում են միայն բժշկի հսկողությամբ և թույլտվությամբ: Ի դեպ, տղաս հասուն մարդու պես անցկացրեց թռիչքը, բոլորը զարմացել էին նրա հանգստությունից», - մեզ հետ զրույցում ժպիտով նշեց նորաթուխ մայրիկը:
Երգչուհու ընտանիքում տեղյակ էին նրանց գալու մասին: Բոլորը հավաքվել էին օդանավակայանում՝ անհամբեր սպասելով ինքնաթիռի վայրէջքին.
«Շատ հուզված էին, անհամբեր սպասում էին թոռնիկին: Ուրախ եմ, որ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ փոքրիկիս կարողացա իր հայրենիք բերել»:
Մեկ ամսով Հայաստան եկած երգչուհին Փարիզ կմեկնի ոչ միայն փոքրիկ Դավիթի, այլև քույրիկի՝ երգչուհի Անուշիկ Ալավերդյանի հետ, քանի որ մասնակցելու են Եվրոպայում առաջին անգամ կայացող «Armenia Europe music awards» մրցանակաբաշխությանը: Իսկ այս ընթացքում նա որոշել է հաճելի ժամանակ անցկացնել հարազատների ու ընկերների միջավայրում:
«Հիմնականում տանը կլինենք, բայց հուսով եմ՝ եղանակը թույլ կտա, որ զբոսնենք: Որոշել ենք հայրենիքում լավ ժամանակ անցկացնել ու շատ լուսանկարվել», - ընդգծեց նա:
Արևիկ Ալավերդյանն ու Հայկո Շահբազյանն արդեն իսկ որոշել են՝ իրենց որդուն կմկրտեն հաջորդ տարի:
«Առաջ Աստված՝ Դավիթին մյուս տարի կմկրտենք: Դեռ ժամանակ ունենք որոշելու, թե ով կլինի մեր բալիկի կնքահայրը: Բայց մի բան հստակ է՝ նա Հայաստանում կմկրտվի՝ Էջմիածնում, որտեղ այդ նույն տարիքում մկրտվել է իր հայրը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արևիկ Ալավերդյանը: