23/02/2017 16:48
Ազգային ժողովում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը
Ազգային ինքնորոշման զարթոնքի և Արցախի անկախացման փետրվարյան շարժմանն ընդառաջ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են յոթ նկարչի և երկու քանդակագործի՝ հիսունից ավելի աշխատանքներ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների և Արցախի մշակույթի նախարարության հետ համատեղ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ Արտակ Դավթյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հայկ Բաբուխանյանը, Երիտասարդական խորհրդարանի անդամներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ և լրագրողներ:
Արցախի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին և հյուրերին ներկայացրել է արցախցի երիտասարդ արվեստագետների՝ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի, Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի ստեղծագործությունները և հույս հայտնել, որ այս ցուցահանդեսը խորհրդարանում մեկնարկային կդառնա արցախցի արվեստագետների համար: Լուսինե Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, պատգամավոր Կարինե Աճեմյանին և հանձնաժողովի փորձագետ, ցուցահանդեսի կազմակերպիչ Մարինե Հակոբյանին ցուցահանդեսը խորհրդարանում կազմակերպելու համար:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհավորելով երիտասարդ արվեստագետներին, կարևորել է այն փաստը, որ այսօր Արցախում ապրում ու ստեղծագործում է անկախության սերունդը, որով հպարտանում է ամբողջ հայ ժողովուրդը: ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախի հաղթանակը որևէ բնագավառում հայության հաղթանակն է ու ձեռքբերումը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է, որ այս նկարիչների մանկությունը համընկել է պատերազմական տարիների հետ, սակայն անկախության տարիներին հասակ առած երիտասարդների կտավներից անսպառ լույս ու ազատություն է ճառագում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորների և Լուսինե Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում՝ դիտելով Արցախի արևն ու գույներն իրենց մեջ ամփոփած կտավները: