24/02/2017 20:12
Ես միշտ անդրադառնում եմ այն թեմաներին, որոնք ինձ նյարդայնացնում են. «Բանակումի» սցենարիստը եթեր է վերադառնում նոր՝ «OUTDANCE» սիթքոմով
Հայկական հեռուստաեթերի կատակերգական հեռսուտասերիալի՝ «Բանակումի» սցենարիստը կրկին նոր աշխատանքով է ներկայանում. «OUTDANCE»՝ այսպես է կոչվում Անդրանիկ Իսահակյանի գրչին պատկանող սիթքոմը, որի թեմատիկ ուղղվածությունն այս անգամ պարն է, հերոսներն էլ՝ այդ բնագավառի մարդիկ:
«Վերնագիրը թարգմանաբար նշանակում է «Պարել ավելի լավ, քան՝ որևէ մեկը»: Երբ նայեցի «Պարիր, թե կարող ես» հաղորդաշարի «խոհանոցային» տեսանյութերը, ինձ հետաքրքրեց իրենց կյանքը, «ջրիկություններն» ու արկածները, և որոշեցի գրել պարողների մասին: Ուղիղ 4 տարի առաջ՝ 2013 թվականի հունվարին եմ սկսել գրել այս սցենարը: Սկզբում որպես սերիալ էր նախագծված, բայց տարիների ընթացքում կամաց-կամաց սիթքոմի սցենար դարձավ: Փոփոխվեց ու այսօրվա ասելիքներն ու խնդիրները բարձրաձայնող սցենարի վերածվեց, որտեղ թեև քիչ, բայց նաև քաղաքաական հումորներ կան: Ես միշտ անդրադառնում եմ այն թեմաներին, որոնք ինձ նյարդայնացնում են», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց սցենարիստը:
Հարցին, թե արդյոք կա մեկ այլ ֆիլմ կամ սիթքոմ, որից ոգեշնչվել է, և ինչո՞վ կտարբերվի դաշտում առկա նմանատիպ մյուս նախագծերից, պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ շատ կցանկանայի, որ նման մի բան լիներ: Նույնիսկ փորձել եմ գտնել, որպեսզի ծանոթանամ ու գոնե չնմանվեմ իմ ձեռագրով: Ճիշտ է՝ պարերի մասին ֆիլմեր կան, բայց սիթքոմի չեմ հանդիպել… Ինչ վերաբերում է տարբերվելուն, ի սկզբանե իմ առջև նման խնդիր դրել եմ: Սա արտադրանք է, որը պետք է հնարավոր լինի վաճառել, շուկայում այն պետք է գտնի իր տեղը: Եթե չտարբերվող մի բան պատրաստես, հազիվ թե սպառողի մոտ այն ձեռքբերելու ցանկություն առաջանա: Այս անգամ էլ կյանքից վերցրած շատ կերպարներ կան, առանց դրա հնարավոր չի: Պարզապես, նրանց առավել խիտ ու վառ գույներ եմ տվել»:
Սեր, ընկերասիրություն, համառություն, նպատակաուղղվածություն՝ համեմված նուրբ ու ոչ գռեհիկ հումորով: Հիմնական իրադարձությունները տեղի են ունենում պարի դպրոցում, որն ունի սպասասրահ-բար, հանդերձարաններ… Գործողությունները ծավալվում են նաև տղաների վարձակալած տանը: Այս ամենից զերծ չեն մնա նրանց հարևանները:
«Սա ընտանեկան նախագիծ է: Ինձ համար կարևոր է, որ հանգիստ լինեմ, թե իմ երեխան ինչ է դիտում էկրանների առջև նստած: Փորձել ենք թեկուզ հումորի լեզվով խրախուսել երիտասարդներին, որպեսզի քաղաքական ու տնտեսական ծանր պայմաններում չկոտրվեն ու չնեղվեն, սեփական երազանքները չփոքրացնեն, նպատակներն անպայման իրականություն դարձնեն: Սա ամենակարևոր մեսսիջն է, որն ամբողջ ընթացքում թելի պես ձգվելու է: Չէ՞ որ, եթե ցանկություն ու համառություն կա, նպատակներն անպայման կիրականանան», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Կկարողանա՞ սցենարիստն իր իսկ կողմից սահմանած նշաձողը հաղթահարել, խոստովանեց.
«Եթե մտածեի, որ սա նախորդին՝ «Բանակումին», զիջելու է, հաստատ չէի անի: Հատկապես, երկարատև դադարից հետո: Բայց չեմ կարող օբյեկտիվ դատել իմ աշխատանքը, միայն կասեմ, ըստ իս, հաստատ իր տեղը կգտնի ու հաջողություն կունենա: Ցանկացած նախագիծ ժամանակի ընթացքում թրծվում է ու առավել լավը դառնում: Այս դեպքում էլ, երևի, բացառություն չի լինի»:
Մոտ 30 րոպե տևողությամբ «OUTDANCE»-ը մարտի սկզբից շաբաթական 2 անգամ կհեռարձակվի «Շանթ պրեմիում» հեռուստաալիքով, այնուհետև կցուցադրվի նաև «Շանթ» հեռուստաընկերության եթերով:
«Սա բավական դժվար ու պատասխանատու է թե՛ սցենար գրելու առումով, թե՛ նկարահանման ընթացքի: Բարդ պարային համարներ են ընդգրկված: Ընդհանրապես, սիթքոմի ժանրը պարտադրող է, չես կարող ուղղակի հումոր գրել՝ մտածելով՝ կամ կծիծաղեն, կամ ոչ: Սիթքոմներում ամեն հումորից հետո ձայնագրված ծիծաղներ են դրվում, ու այդ հումորը պետք է այնպիսին լինի, որ այդ ծիծաղն արդարացվի», - նկատեց նա:
Գլխավոր կերպարը՝ Գարիկը, ում մարմնավորում է պրոֆեսիոնալ պարող Դավիթ Գրիգորյանը, ուսումը շարունակելու նպատակով մարզից Երևան է տեղափոխվել ու սիրահարվել պարուհի Էլիզային (Մարի Հովհաննիսյան Ն.Մ.): Սիրած աղջկան հասնելու համար երիտասարդը տարբեր միջոցների է դիմում, որում նրան օգնում են ընկերները:
«Նա նույնիսկ փորձում է պարի ընդունվել, որպեսզի առավել մոտ լինի Էլիզային ու կարողանա սիրտը գրավել: Բայց քանի որ տարիքը թույլ չի տալիս պրոֆեսիոնալ պարողների շարքում լինել, առաջարկում են սկսնակների խմբում ներգրավվել, ինչին նա չի համաձայնվում: Սակայն իր նպատակասլացության ու աշխատասիրության շնորհիվ հաղթահարում է բոլոր դժվարություններն ու հետագայում դառնում պրոֆեսիոնալ պարող», - մանրամասնեց Ա. Իսահակյանը:
Սիրթքոմում նկարահանվել են նաև Սոնա Մաթևոսյանը, Լիա Զախարյանը, Սոնա Մուրադյանը, ռեփեր Նարեկը, Անդրանիկ Անտոնյանը և այլք: Թե ովքեր են այս սիթքոմի համն ու հոտը, նա նկատեց.
«Քանի որ այստեղ կերպարները քիչ են, փորձել եմ բոլորին էլ համ ու հոտ տալ: Այնպես ենք նախատեսել, որ նրանցից ամեն մեկն իր գույնն ու տեղն ունենա: Ճիշտ է, դերասանների մի մասը պրոֆեսիոնալ պարողներ են, բայց աշխատասիրության շնորհիվ կարողացան դերասանի արվեստին ևս տիրապետել: Շատ դժվար դերասանական ընտրություն էր, քանի որ մեզ պետք էր, որ պարողները կարողանային հումորը տեղ հասցնել»:
«OUTDANCE»-ի պրոդյուսերը Հունան Սողոյանն է, ռեժիսորը՝ Արսեն Երեմյանը: Թեև դեռ վաղ է խոսել այդ մասին, բայց հաջող մեկնարկ ունենալու դեպքում սիթքոմը նոր եթերաշրջաններ ևս կունենա: