24/02/2017 18:34
Ցինիզմի հասնող Ադրբեջանի գործելաոճը պետք է ստանա համապատասխան արձագանք. Հայ պատգամավորները դիմել են ԵԽ ղեկավարությանը
Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը համատեղ նամակով դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահ պարոն Անտոնիո Տայանիին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի ղեկավարներին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախում սահմանադրության հանրաքվեի իրականացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի անդամ - պատգամավորներ պարոն Ֆրանկ Էնգելի, պարոն Յարոմիր Շտետինայի, ինչպես նաև ԵՌՊ խմբի անդամ տիկին Էլենի Թեոխարիուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման հայտարարման հարցի հետ կապված:
Նամակում Ադրբեջանի կողմից վերջին շրջանում լայնամասշտաբ տարածում գտած անթույլատրելի գործելաոճի վերաբերյալ նշվել է, որ այսպիսի վարքագծի հետևանքով եվրապատգամավորներն ուղղակիորեն հայտնվել են ոչ միայն իրենց մանդատի սահմանափակման, այլև ազատությանը սպառնացող վտանգի առջև: Ընդգծվել է այն հանգամանքը, որ ստեղծված քայլը ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարությանն ու համաեվրոպական արժեքներին ուղղված նոր սպառնալիք:
Նամակում կարևորվել է, որ Ադրբեջանի այսպիսի վերաբերմունքը ստանա կոշտ արձագանք միջազգային կառույցների կողմից: Հատուկ նշվել է այն հանգամանքը, որ այս ամենը հարվածում է ոչ միայն ժողովրդավարության օրրաներից մեկը համարվող համաեվրոպական կառույցին, այլ նաև միջազգային հանրությանն ու ժողովրդավարության գաղափարին:
Պատագամավորները հղված նամակում նշել են, որ Ադրբեջանի այսպիսի գործելաոճը հանդուրժելու հետևանքն այն է, որ Ադրբեջանն արդեն որոշումներ է կայացնում ոչ միայն իր երկրի ներսում, այլև դրանից դուրս: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել հայտնի բլոգեր Լապշինի դեպքին, որը պետք է որ ազդակ հանդիսանար նման գործելաոճը դատապարտելու և դրա դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
Պատգամավորները հույս են հայտնել, որ Ադրբեջանի այսպիսի անթույլատրելի և ցինիզմի հասնող գործելաոճը կստանա համապատասխան արձագանք համապատասխան միջխորհրդարանական կառույցների կողմից: