24/02/2017 14:12
Ապրիլյան պատերազմից տուժած Մարտակերտում ու Մատաղիսում վնասները վերացնելուց բացի, տները նաև հիմնանորոգում են. Վլադիկ Խաչատրյան. Լուսանկարներ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի սահմանամերձ բնակավայրերում գրեթե վերականգնված են 2016թ.-ի ապրիլյան պատերազմի հասցրած վնասները: Aysor.am-ի թղթակիցը Մարտակերտում զրուցել է շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ:
Մարտակերտ, փետրվար 2017թ.
- Պարոն Խաչատրյան, ի՞նչ փուլում են Մարտակերտի շրջանի` ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքները:
- Ապրիլից հետո իրականացվել են ծավալուն աշխատանքներ: 2016թ.-ի ապրիլի 2-ին սկսված քաղաքացիական բնակավայրերի հրթիռահրետակոծության հետևանքով մի շարք տներ տուժեցին կոնկրետ Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում, մասամբ նաև Ներքին Հոռաթաղում և Մոխրաթաղում: Թալիշը չհաշված` առավել շատ ավերածություններ կային Մարտակերտ քաղաքում: Մենք ապրիլի 10-ից արդեն սկսեցինք վերականգնողական աշխատանքները:
Վլադիկ Խաչատրյան
Ցավոք, ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը քաղաքը նորից ուժգին հրթիռակոծության ենթարկվեց: Այս անգամ արդեն Մարտակերտում վնասված տների քանակն անցնում էր 180-ից: Հարվածներն ուղիղ դիպել էին մոտ 16 տների, բնակելի կամ կենցաղսպասարկամն շենքերի:
Մայիսից վերականգնողական աշխատանքները շարունակվեցին ու այսօր կարող ենք ասել, որ մոտ 95 տոկոսով դրանք ավարտել ենք: Բանն այն է, որ տեղերում, որտեղ ավերածությունը շատ չնչին է եղել, մենք փորձել ենք կատարել հիմնանորոգում: Այսինքն ոչ միայն վերացնել հասցված վնասն, այլև` օգտվելով նրանից, որ աշխատանք ենք կատարում, միանգամից հիմնանորոգել: Օրինակ, եթե որևէ կտուրից վնասվել է 20 քառակուսի մետր, որոշել ենք միանգամից փոխել ամբողջ այդ շենքի տանիքը` մոտավորապես 200 և ավելի քառակուսի մետր: Մենք համաձայնության ենք եկել ասենք տանտիրոջ հետ, նրան տվել ենք լրիվ նոր թիթեղ ու շինանյութեր և ինքը կատարելու է այդ աշխատանքը:
- Այս առումով ի՞նչ իրավիճակ է Մատաղիսում: Հատկապես, որ այս համայնքում հրթիռահրետանային հարվածի հետևանքով տուժել էր տնտեսական կարևոր նշանակություն ունեցող Մատաղիսի հիդրոէլեկտրակայանը:
- Մատաղիսի ՀԷԿ-ն իսկույն վերականգնվեց: Այն այսօր էլ աշխատում է և վերականգնվեց երևի հաշված օրերի ընթացքում:
Հրթիռահրետանային հարվածը Մատաղիսին, ապրիլ 2016թ: Տեսանյութը` Պաշտպանության բանակի
Հիմա բնակելի հատվածի մասին: Մենք արագ վերականգնեցինք այն, ինչ տուժել էր հրթիռակոծության հետևանքով, բայց հաշվի առնելով, որ Մատաղիսը սահմանային բնակավայր է, այնտեղ կային օրինակ շատ հին` դեռևս խորհրդային տարիներից մնացած տանիքներ: Այսօր կառավարությունը նաև այդ գործընթացն իր ձեռքը վերցրեց ու այդ տները նորոգվում են, տանիքներն են փոխվում, կապիտալ նորոգում է արվում: Հաշվարկվել է մոտ 35 բնակարան, որոնք կօգտվեն այս ծրագրից: Դրանցում տանիքների հարցն արդեն լուծված է, իսկ ներքին հարդարման աշխատանքների, կապիտալ նորոգման առումով 6 տների աշխատանքներն ավարտել ենք և ինձ թվում է մինչև մայիս Մատաղիսի հարցն օրակարգից դուրս կգա:
Մատաղիս, փետրվար 2017թ.
Մատաղիսում բավականին լուրջ վնասներ էին հասցվել նաև դպրոցին: Այն ևս ոչ միայն նորոգվեց, այլև հիմնանորոգվեց:
Դպրոցը ժամանակին կառուցվել էր Տորոնտոյի հայ համայնքի աջակցությամբ և այս անգամ էլ նրանք եկան, տեղում ծանոթացան իրավիճակին և աջակցեցին, որ վերականգնենք դպրոցը: Կարող եմ ասել, որ մայիսին արդեն դպրոցում Վերջին Զանգի միջոցառում է անցկացվել, հունիսի 1-ից այն քննություններ է ընդունել, իսկ սեպտեմբերի 1-ից լիովին հիմնանորոգված հանձնվել է աշակերտներին:
Մատաղիս
- Նշեցիք, որ ապրիլյան առաջին օրերից հետո` ապրիլի 24 լույս 25-ի գիշերը ևս Մարտակերտը հրթիռակոծվել է: Ինչպիսի՞ն է սահմանային իրավիճակն այսօր: Քաղաքի, հարակից գյուղերի կամ ճանապարհների ուղղությամբ հարվածներ եղե՞լ են:
- Կարող եմ ասել, որ քաղաքի կամ ճանապարհների ուղղությամբ հրետակոծություն կամ հրթիռակոծություն չի եղել: Իհարկե, դեռևս շարունակվում են դիրքային կրակոցները, դրանք լսվում են Մարտակերտում, բայց թիրախավորված քաղաքին կամ կապող ճանապարհներին հարվածներ չեն եղել: Ընդհանուր առմամբ, դուք էլ եք տեսնում, գրեթե 100 տոկոսով վերականգնված քաղաքն ապրում է բնականոն կյանքով:
ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողը Մարտակերտում
Մարտակերտ, փետրվար 2017թ.