24/02/2017 14:13
Բավարարվա՞ծ եմ այսօր՝ այո, անելիք չունե՞մ՝ լիքը. Կարեն Կարապետյանն՝ իր ծրագրերի մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած պաշտոնական այցը որակում է շատ առարկայական, բովանդակալից ու «լցված»։
«Մենք շատ կոնստրուկտիվ աշխատանքային այց ենք ունեցել, որն ինձ անձամբ ոգևորում է», - Վրաստանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը։
Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ հայկական կողմից վրացի գործընկերներին առաջարկ է եղել նայել հարաբերություններին ոչ միայն երկու երկրների, այլ՝ տարածաշրջանային առումով։
«Առաջիկայում հատուկ օր է նշանակվել Վրաստանի գործարարների համար, ովքեր կգան և կքննարկեն մեր առաջարկները», - ասաց նա։
Կարեն Կարապետյանին հարց ուղղեցին՝ հայկական կողմը շահագրգռվա՞ծ է, որ Երևանից Բաթումի հասնեն 5 ժամում, ՀՀ վարչապետը պատասխանեց.«Օրինակ՝ ես որ պատասխանեմ շահագրգռված չենք, դուք իմ ուղեղային կարողությունների մասին ի՞նչ կարծիք կկազմեիք։ Եկեք մի հատ մենք մեր ջեբի լոբիները հաշվենք, հասկանանք ինչ խնդիրներ են դրված մեր առջև։ Պարզ չի՝ մենք շահագրգռված ենք, որ Վրաստան գալացող տուրիստական հոսքն ուղղենք դեպի Հայաստան, քայլ առ քայլ կգնանք, ձեր տանը բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվում, չէ՞»։
«10-20 տարի անց ինչպիսի՞ն կլինի Հայաստանը» հարցին՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Լինելու է այնպես, որ յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի, հպարտանալու է Հայաստանով, որովհետև մենք դրա իրավունքն ու ներուժն ունենք»։
Քանի՞ տոկոսով իրականացված կհամարի ՀՀ վարչապետն իր ծրագրերը, Կ. Կարապետյանը նշեց. «Ինչ ծրագիր դրել եմ կատարելու՝ 100%, բավարարվա՞ծ եմ այսօր՝ այո, անելիք չունե՞մ՝ լիքը»: