25/02/2017 16:13
Ադրբեջանական կողմը տվել է առնվազն հինգ զոհ. մենք կարող ենք հակահարված տալ. Վիտալի Բալասանյան
Գիշերը շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով Ադրբեջանի կողմի ձեռնարկած հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը տվել է առնվազն հինգ զոհ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Շփման գծին են մոտեցել հինգ տանկ, չորս БМП և հատուկ միջոցներ», - մանրամասնեց Վիտալի Բալասանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։
Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը չբացառեց լայնամասշտաբ պատերազմը և ընդգծեց արցախյան կողմի՝ խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին։
«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունն ու հայտարարությունները դրան են տանում։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման չի գնում», - ընդգծեց Վ. Բալասանյանը։
Վիտալի Բալասանյանը նշեց՝ «կգա մի օր, երբ Արցախը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ»։
Արցախի հերոսը շեշտեց՝ Ադրբեջանի գործողությունները ոչ մի արդյունքի չեն բերի։ «Մենք կարող ենք հակահարված տալ», - հավելեց Վիտալի Բալասանյանը։