25/02/2017 16:54
ՀՀ ԱԳՆ. Բաքուն հերթական հարվածն է հասցրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
Հակառակ միջազգային հանրության կոչերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարման, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին պահանջների, անցած գիշեր Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Շարունակելով բանակցային գործընթացի համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու փորձերը` Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը, դիմում նոր սադրանքների։
Կրկին միջազգային հանրության, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սթափեցնելու, իրականության դաշտ բերելու խիստ անհրաժեշտության վրա», - ասված է հայտարարությունում: