27/02/2017 12:20
Չեզոք գոտուց ադրբեջանական դիերի տարհանման գործընթացը չի իրականացվել Բաքվի մեղքով. Արցախի ՊՆ
Այսօր՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իր զոհերի անունները՝ չմոռնալով հիշատակել, որ «դիակների տարհանման գործընթացին խոչընդոտել է արցախյան կողմը՝ նոր պահանջներ առաջ քաշելով»:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը:
«Սակայն երեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը», - ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։