27/02/2017 12:38
Լապշինի և եվրապատգամավորների հետապնդման դեպքում Ադրբեջանը չի դիմում Ինտերպոլին, քանի որ չունի իրավական հիմք. Քաղաքագետ
Բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնել են բացառապես քաղաքական գործակցության ճանապարհով, չի եղել որևէ իրավական հիմք կամ գործընթաց, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն` ընդգծելով, որ հայկական կողմը հարցին անդրադառնալիս պետք է շեշտը հենց սրա վրա դնի:
«Այստեղ բացակայում է իրավական հիմքն ու նույնն է նաև Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ հետապնդման դեպքում: Ինչպես Լապշինի դեպքում, այնպես էլ Եվրախորհրդարանի պատգամավորների, Ինտերպոլը ներգրրավված չէ: Եթե ներգրավվի այդ կառույցն, ապա Հայաստանի այն կառույցները, որոնք աշխատում են Ինտերպոլի հետ, պետք է ցույց տան, որ այստեղ կա քաղաքական հետապնդում, ոչ թե իրավական հիմք: Կարծում եմ` Ադրբեջանը հենց այդ պատճառով չի դիմում Ինտերպոլ կամ միջազգային կառույցներ, քանի որ հասկանում է որ կարող է վարկաբեկվել», - ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ասուլիսի մասնակից, Արցախի Մարդու իրավուքնների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ևս նշեց, որ այս գործընթացներում պետք է հարցականի տակ դրվի հարցի իրավականությունը:
«Իրավաբանորեն հարցականի տակ է ինչպես պատգամավորների հետապնդումն, այնպես էլ «սև ցուցակ» եզրույթը: Մենք պետք է ոչ միայն քրեական հետապնդումը ոչ իրավաչափ համարենք, այլև «սև ցուցակ» եզրույթն իրավական առումով առ ոչինչ համարենք», - ամփոփեց Արցախի ՄԻՊ-ը: