27/02/2017 20:49
Կանոնավոր կրակահերթերը, ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառումը փաստում է, որ ղարաբաղյան հակամարտությունն ակտիվ է. Սերժ Սարգսյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, թե անդրադարձ են կատարել տարածաշրջանի ամենապայթյունավտանգ անվտանգային մարտահրավերներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին։
«Այս համատեքստում մեծապես կարևորեցի ՆԱՏՕ-ի և անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասաց նախագահը։
Նա նշեց, թե կանոնավոր կրակահերթերը, ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառումը փաստում է, որ ղարաբաղյան հակամարտությունն ակտիվ է։
«Եվ այսօր՝ առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Մենք փաստեցինք, որ համաձայն «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումն, ազատության և արդարության ապահովումը և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար», - նշեց Սերժ Սարգսյանը։