27/02/2017 19:39
Ցանկությունս մեկն է՝ գնամ Գյումրի. Ալբերտ Մկրտչյանը դարձավ 80 տարեկան
ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր, դերասան, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանն այսօր դառնում է 80 տարեկան: Թեև տարին հոբելյանական է, սակայն ռեժիսորն այն նախընտրում է անցկացնել ընկերների ու հարազատների միջավայրում, և որ կարևորն է՝ հարազատ Գյումրիում:
«Այնպես չի, որ ծննդյանս այս տարեդարձն առանձնահատուկ եմ նշելու: Ներկա պահին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում եմ, որտեղից գնալու եմ Կոմիտաս՝ տուն: Այնտեղ կսպասեմ ընկերներիս, որոնց հետ միասին ուղևորվելու ենք Գյումրի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ա. Մկրտչյանը:
Նկատառմանը՝ արդյոք կհասցնեն այսօր մեկնել հարազատ քաղաք, ՀՀ Ժողովրդական արտիստը պատասխանեց.
«Ցանկությունս մեկն է՝ գնամ Գյումրի: Հնարավոր է՝ այսօր չստացվի, վաղը կամ մյուս օրը գնամ, բայց մեկ է՝ պետք է գնամ: Այնտեղ ինձ սպասում են և՛ կոլեկտիվի անդամներ, և՛ հարազատներ ու ընկերներ»:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Ալբերտ Մկրտչյանին՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական երկար ու բեղուն տարիներ: