27/02/2017 20:45
Անահիտ Կիրակոսյանի նվերը՝ Ստաս Նամինից
Թեև գրքի տոնը փետրվարի 19-ին էր և հենց այդ օրն էին մարդիկ միմյանց բազում գրքային նվերներ անում, սակայն այնպես չէ, որ մյուս օրերին գիրք նվիրելը ժամանակավրեպ է:
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն իր՝ տարվա ինտելեկտուալ նվերը ստացել է երաժիշտ, նկարիչ Ստաս Նամինից:
«Հարգարժան և տաղանդավոր այդ մարդուց նվեր ստացա «Անկեղծորեն» գիրքը, որում ընդգրկված է նաև իր գեղանկարչությունը, գծանկարչությունն ու ժամանակագրությունը: Սա իմ ամենալավ նվերներից էր», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ա. Կիրակոսյանը:
Արմատներով լոռեցի դերասանուհին ընդգծեց՝ պոեզիայի սիրահար է, պաշտում է Թումանյանին: Իհարկե, նաև Բուլգակովի ընթերցողն է:
«Թումանյանի պոեմները ժամանակ առ ժամանակ վերընթերցում եմ: Տղայիս համար էլ նախընտրում եմ Թումանյանի հեքիաթները կարդալ: Ես էլ տարբեր տարիքում այդ հեքիաթները տարբեր կերպ եմ ընկալում ու հասկանում, թե ինչ հանճարեղ մարդ է նա… Կառանձնացնեմ նաև Բուլգակովին՝ իր կենսագրականով և ֆանտասմագորիայով, ինչպիսին է «Վարպետը և Մարգարիտան»: «Ի՞նչ պիտի աներ քո բարին, եթե գոյություն չունենար չարը». սրանք Վոլանդի հայտնի խոսքերն են, որոնք մտածելու առիթ են տալիս», -նկատեց նա:
Անահիտ Կիրակոսյանի համար կարևոր գրքերի շարքին է դասվում նաև «Նարեկը»:
«Այն իսկապես բուժիչ հատկություն ունի, յուրաքանչյուրը պետք է կարդա և հավատա: Նաև, սիրում եմ հոգեբանական գրքեր կարդալ… Ցավոք, հիմա ընթերցանությանը չեմ կարողանում շատ ժամանակ հատկացել, բայց գոնե եթերների շնորհիվ կարողանում եմ օրը 30 էջ ինֆորմացիա կարդալ, սա էլ վատ չէ», - ժպիտով ընդգծեց մեր զրուցակիցը:
Այնուամենայնիվ, դերասանուհին կոչ է անում շատ կարդալ: Նկատել է՝ ընթերցասեր երիտասարդներ ունենք:
«Կարևորը կարդալն է, կապ չունի, թե ինչ: Լավ գրքերը մեզ սովորեցնում են ճիշտ քայլել, վատերը՝ ինչպիսին չպետք է լինել: Կարծում եմ՝ այսօր կարդացող երիտասարդություն ունենք, և դա գովելի է: Հաճախ եմ գրախանութներում լինում, երբեմն՝ «ասեղ գցելու» տեղ չի լինում: Իհարկե, գիրք կարդալը կրկին նորաձև է, բայց գոնե նորաձևությանը հետևելիս թող հենց դրան հետևենք, ի՞նչ վատ է որ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անահիտ Կիրակոսյանը: