28/02/2017 09:31
«Արթֆուդը» խնդիրների ունի, առաջիկայում գործը կհասնի արդեն ԴԱՀԿ-ին. «Ժամանակ»
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո հարկային մարմինները ստուգումներ էին սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերություններում։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Սկզբնական շրջանում հարկային մարմինների ուշադրության կենտրոնում նախկին վարչապետի գազալցակայաններն էին։ Անցած շաբաթ մոտ տասը օր հարկայինի աշխատակիցները ստուգումներ էին իրականացնում Հովիկ Աբրահամյանի՝ Արտաշատ քաղաքում գտնվող «Արտաշատ պլազա» կոչվող առևտրի կենտրոնում։ Իսկ հիմա հերթը հասել է «Արթֆուդ» ընկերությանը, որի սեփականատեր է համարվում նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Բացի ստուգումներից, պահածոների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում նաև ֆինանսական դժվարություններ են ծագել։ Բանկերը հրաժարվում են նոր վարկային միջոցներ տրամադրել, բացի այդ, հետ են պահանջում նաև չմարված վարկերը», - գրել է թերթը։
Թերթին հասած տեղեկություններով՝ առաջիկայում գործը կհասնի արդեն ԴԱՀԿ աշխատակիցներին։ «Ժամանակ»-ը փորձել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից պարզել, թե ինչ խնդիրներ են առաջացել գործարանում, սակայն վերջինս հարցը լսելուց հետո ասել է, որ զբաղված է, չի կարող խոսել և անջատել է հեռախոսը։