28/02/2017 09:54
Արծվիկ Մինասյանը մերժել է Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու՝ Ծառուկյանի մտերիմի առաջարկը. «Ժողովուրդ»
ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը մերժել է Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու՝ ԲՀԿ-ական Սեդրակ Առուստամյանի ցանկությունը: Նախարարությունը պատճառաբանել է, թե Արփա գետի վրա գործում է 3 ՀԷԿ, ևս 3-ն էլ կառուցման փուլում են, և այս մեկի կառուցումը կարող է բնապահպանական խնդիրներ ստեղծել: Նկատենք, որ Սեդրակ Առուստամյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի կոնցեռն» ընկերության տնօրենն է: Այս մասին գրել է «Ժողովուրդը»:
Բայց «Գնդեվանք-1» ՀԷԿ-ը նա ցանկացել է կառուցել «Ամրիտամ» ընկերության միջոցով, որի բաժնետերերից է: Հավելելենք, որ Առուստամյանը ՀԷԿ-երի բիզնեսում մեծ փորձ ունի. Արփա գետի վրա արդեն իսկ կառուցվող «Ջերմուկ տուրբշին» ընկերությունում իր եղբոր՝ Սպարտակ Առուստամյանի հետ բաժնեմաս ունի:
«Ժողովուրդ»-ն Առուստամյանից հետաքրքրվել է՝ արդյոք նախարարության մերժումը կապ ունի առաջիկա ընտրությունների հետ: «Չեմ կարծում», - հակիրճ ասել է նա: