28/02/2017 19:34
Մերձդնեստրի ԱԳՆ-ն մտահոգված է Ադրբեջանի զինուժի հարձակման փորձի կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել արցախյան կողմին
Փետրվարի 28-ին Արցախի Հանրապետության և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վիտալի Իգնատևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։
ՄՄՀ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել փետրվարի 20-ին Արցախում կայացած նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի անցկացումն ու դրա արդյունքները՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովման և պետականության հետագա զարգացման համատեքստում։ Իր հերթին, Կարեն Միրզոյանը գոհունակություն է հայտնել հանրաքվեին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության դիտորդական առաքելության ակտիվ մասնակցության համար։
Վիտալի Իգնատևը խորին մտահոգություն է հայտնել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակման փորձի ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և իր աջակցությունը հայտնել արցախյան կողմին։
Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է շփման գծում տիրող իրավիճակի և արցախյան կողմի ջանքերի մասին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ապահովմանը։
Հեռախոսազրույցի ընթացքում ՄՄՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև իր ցավակցությունն է հայտնել 29 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերի կապակցությամբ՝ զորակցություն հայտնելով տեղի ունեցած ոճրագործությունների զոհերի և վիրավորների հարազատներին։ Երկուստեք նշվել է, որ նման հանցագործությունների անպատժելիությունը ճանապարհ է հարթում մարդկության դեմ նոր ոճիրների իրագործմանը։
Կողմերը քննարկել են նաև միջգերատեսչական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու խորացումը։