28/02/2017 16:41
Արցախը ժողովրդավարություն է կառուցում թշնամական կրակահերթերի ներքո. ՀՀ նախագահ
Չնայած Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է հաստատակամորեն կերտել սեփական ապագան, «Կարնեգի» կենտրոնում ելույթի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահը նշել է, որ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը:
«Արցախի ժողովուրդն իր ձայնը տվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգի ձևավորման օգտին: Ինչպես տեսնում եք, երկրի կառավարման մոդելի հարցում Հայաստանի և Արցախի պատկերացումները չեն համընկնում, սակայն նույնն է ժողովրդավարական հասարակարգ կառուցելու անխախտ վճռականությունը: Արցախի ժողովուրդն այդ կամքը դրսևորել է տասնյակ տարիներ շարունակ` ընտրությունների միջոցով ձևավորելով իր գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինները: Արցախի ժողովուրդն այլ ապագա չի պատկերացնում և լծված է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա հիմնված ազատ հասարակության կառուցման գործին», - ասել է նա։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ արցախցին, ժողովրդավարական աշխարհի հետ հավասար, իրավունք ունի վայելելու համամարդկային բոլոր հիմնարար ազատությունները, շատ ավելի լավ գիտի ազատ ապրելու գինը, ինչի համար նա վճարել է իր սեփական զավակների արյան գնով:
«Այսօր էլ Արցախը ժողովրդավարություն է կառուցում թշնամական կրակահերթերի ներքո: Իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում է ազատության այս ձայնը լռեցնելու համար, կոչ է անում դատապարտել ժողովրդավարական գործընթացը Արցախում: Մինչ Արցախը հաստատուն քայլեր է կատարում դեպի ավելի ամուր ժողովրդավարություն, նրա հարևան Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում հաստատուն քայլեր է կատարում դեպի ժառանգաբար փոխանցվող լիակատար բռնապետություն», - նշել է Ս. Սարգսյանը։
Նա շեշտել է՝ «այստեղ հավաքվածներդ, ես տեսնում եմ, հայտնի փորձագետներ եք»։
«Եթե կա կառավարման, ինքնակազմակերպման այլընտրանքային մեխանիզմ չճանաչված միավորների համար, շնորհակալ կլինեմ, եթե հուշեք: Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող: Հայաստանը, թեև չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ի բյուջեն ֆինանսավորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից», - հավելել է ՀՀ նախագահը։