01/03/2017 19:30
Մարինկա Խաչատրյանը, Դավիթ Աղաջանյանը, Նելլի Խերանյանը, Հովակ Գալոյանը, Անի Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը և այլք՝ նոր սերիալում
«Օտարը». այսպես է կոչվում «Շանթ» հեռուստաընկերության նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որը հեռուստադիտողին կհանձնվի այս ամիս: Մելոդրամայի ժանրում ներկայացված սերիալի սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է, ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանը:
«Նկարահանումները սկսել ենք նախորդ ամսվա կեսերից: Հիմնականում, սյուժեն հիմնված է սիրային եռանկյունու վրա, սակայն ֆիլմում տեղ են գտել տարբեր պատմություններ ու ճակատագրեր», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը:
Թե ով է այս սերիալի «օտարը», մեր զրուցակիցը չմանրամասնեց՝ նախընտրելով պահել սցենարային խորհրդավորությունը:
Սիրային եռանկյունուն կերպարանավորում են Մարինկա Խաչատրյանը, Դավիթ Աղաջանյանն ու Սիսիան Ստեփանյանը: Նկարահանվել են նաև Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, Հովակ Գալոյանը, Սուրեն Թումասյանը, Գայանե Բալյանը, Անի Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը և այլք:
Նկատառմանը, որ ընդգրկված դերասաններից շատերն այս պահին զբաղվածություն ունեն նաև «Շանթ» հեռուստաընկերության մեկ այլ նախագծում, ու արդյոք սա նշանակում է՝ նախորդ նախագիծն ավարտվելու է, պատասխանեց.
«Ինքս չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել: Հնարավոր է՝ ավարտվելու է, կամ գուցե համատեղելու են»:
Վերջին շրջանում այս կամ այն սերիալի մեկնարկից հետո պարզ է դառնում՝ նախագիծը գնված է բրազիլական կամ արգենտիկանան որևէ կինոընկերությունից ու հարմարեցված հայկական լսարանին:
«Սա այդ դեպքը չէ, տեղական սցենար է՝ ամբողջովին գրված Անի Մաղաքյանի կողմից: Շատ հետաքրքիր սցենար է: Սա մեր առաջին համագործակցությունն է, կարծում եմ՝ վերջինը չի լինի», - զրույցը եզրափակեց Մհեր Խաչատրյանը: