01/03/2017 19:15
«Իսկանդեր» հրթիռները տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռություն պահպանելու դեր են կատարում. ԼՂՀ նախագահ
«Իսկանդեր» մարտավարական հրթիռները տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռություն ապահովելու դեր են կատարում, այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Նման զենքի առկայությունը մեր տարածաշրջանում, միանշանակ, կատարում է ռազմաքաղաքական հավասարակշռության դեր: Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի հետևանքով մեր տարաշածրջանի կայունությունն ու խաղաղությունը պահելու ամենաարդյունավետ մեխանիզմը ուժի կիրառումն է», - նշել է նա Gazeta.ru-ի հետ ունեցած հարցազրույցում:
Բակո Սահակյանը նաև նշել է, որ Ռուսաստանը մեծ դեր է կատարում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում:
«Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա դրա համար նախ պետք է լիարժեք վերականգնել բանակցություններին ԼՂՀ մասնակցության դերը: Բաքուն պետք է հրաժարվի իր մարդատյացությունից և ագրեսիվ գործողություններից, որոնք խափանում են բանակցային գործընթացը, խաղաղությունը և տարածաշրջանի կայունությունը», - ընդգծել է ԼՂՀ նախագահը: