01/03/2017 22:19
Արցախի անկախությունը մինչև տարեվերջ կարող է ճանաչել մեկ երկիր. Էդվարդ Նալբանդյան
Տարեվերջին Արցախի անկախությունը կարող է ճանաչել մեկ երկիր, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեսպանահավաքի արցախյան նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։
«Բացառված չէ, բայց մեկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: Սակայն, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը», - նշել է ՀՀ արտգործնախարարը։
«Դա (ճանաչումը – Aysor.am) հնարավոր է, և ես կարծում եմ, որ հենց դրան է գնալու», - ընդգծել է Է.Նալբանդյանը։
Այն, որ հակամարտության կարգավորումը ռազմական լարվածությամբ է ուղեկցվում, ըստ նախարարի, նշանակում է, որ «Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում, Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել»:
«Որովհետև այն, ինչ ասում են միջազգային հանրության մանդատը ունեցող եռանախագահները, և դուք լավ գիտեք, թե ինչ են նրանք ասում, իսկ ինչ է ասում Ադրբեջանը՝ տարբեր, հակասող բաներ։ Բանակցություններում փակուղու մեջ մտնելով՝ փորձում են ուժ օգտագործել, ուժ կիրառել, և իրենց թվում է, թե միգուցե ավելի հաջողություն կունենան։ Բայց մեր Արցախի զինվորներն ամեն ինչ անում են՝ ապացուցելով, որ ապարդյուն են այդ պատրանքները», - ասել է Է.Նալբանդյանը։
Նա ասել է, որ լավ է վերաբերվում ժողովրդի մեջ առկա դժգոհությանը արտաքին քաղաքականության հանդեպ, որ ամեն ինչ չի արվում:
«Լավ եմ վերաբերվում։ Քննադատությունը լավ բան է, եթե կառուցողական է: Դրան պետք է ուշադրությամբ, լրջորեն վերաբերվել, որպեսզի էլ ավելի լավ և առավելագույնը անել: Բայց, կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը ապացուցել է նաև որ կան արդյունքներ: Եռանախագահող երկրների նախագահների մակարդակով հինգ հայտարարություն է արվել։ Որպես կարգավորման հիմք միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և դրույթների հիման վրա համապատասխան առաջարկներ են հնչեցվել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանը մինչ այսօր ձևացնում է, թե այդպիսի հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն: Այդ հինգ հայտարարություններն Ադրբեջանն է անտեսում, այլ ոչ թե մենք: Ուրեմն մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին։ Դա ակնհայտ արդյունք է։ Իհարկե, կարող է և ավելին լինել: Դրա համար էլ ասում եմ՝ եթե կառուցողական քննադատություն կա, դա նորմալ է, և մենք էլ ուշադրությամբ պետք է դրան վերաբերվենք», - ասել է Է.Նալբանդյանը։