01/03/2017 12:36
Նարե Արղամանյանի մասնակցությամբ եզրափակվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը (Տեսանյութ)
Փետրվարի 28-ին կայացավ Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի եզրափակիչ երեկոն։ Փառատոնն այս տարի նվիրված էր հայ կոմպոզիտորական արվեստի երևելի կոմպոզիտորներից մեկին՝ Հարո Ստեփանյանին, և կրում էր Հարո Ստեփանյան-ֆեստ խորագիրը:
Փառատոնի երկու շաբաթ տևող համերգների ընթացքում երաժշտասեր ունկնդրին են ներկայացվել Հարո Ստեփանյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Դրան զուգահեռ, արտացոլվել են հայ կոմպոզիտորական արվեստի մի քանի սերունդ՝ հայաստանաբնակ և սփյուռքի։
Փառատոնի փակման համերգի ծրագրում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են հատվածներ Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից, Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը, համաշխարհային պրեմիերա, մենակատար՝ Նարե Արղամանյան (Ավստրիա), Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան «Մարդու ճակատագիրը», որը նվիրված է Էդվարդ Միրզոյանին:
Դաշնակահար Նարե Արղամանյանը նշում է, որ ուրախությամբ է կատարում մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկի՝ Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը։ Դաշնակահարուհու տեղեկացմամբ՝ 2016-ի հունիսին հանդիպել է կոմպոզիտորի հետ, տեսել Դաշնամուրի կոնցերտի նոտաները և որոշում կայացրել, որ այն պետք է անպայման կատարի։ Եվ առիթն ընձեռվեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համախմբում է մեր լավագույն կոմպոզիտորներին և մենակատարներին։ Ըստ Սերգեյ Սմբատյանի՝ երաժշտական այս նախաձեռնության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ժամանակակից կոմպոզիտորները ստեղծագործություններ են գրում հատուկ այս փառատոնի համար։
«Փառատոնն անցկացվում է հանրապետության նախագահի հովանու ներքո, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ այն գործը, ինչին մեզ նվիրել ենք, անհրաժեշտ է մեր երկրին»,- ասում է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում անցած 7 տարիներին թվայնացրել են 50-ից ավելի հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրել են ավելի քան 200 ստեղծագործություններ, իրականացել են հայ կոմպոզիտորների՝ 150-ից ավելի ստեղծագործությունների պրեմիերաներ:
Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեսի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։ Փառատոնի նպատակն է ձայնագրել, տեսագրել, թվայնացնել, պահպանել և զարգացնել մեր երաժշտական ժառանգությունը։
Հարո Ստեփանյան-ֆեստի փակման համերգն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է հանրահայտ LiveList.com կայքը։ Առցանց այս ռեսուրսը երաժշտասերներին է ներկայացնում միայն լավագույն համերգները՝ դասականից մինչև փոփ (Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Զուբին Մեթա, Սերժ Թանկյան, Ադել, Սելին Դիոն, Maroon 5 և այլն):