02/03/2017 19:53
Եթե Ադրբեջանն իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա մենք կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները. ՀՀ նախագահ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուղղությամբ արտերկրում և միջազգային տարբեր հարթակներում ՀՀ դիվանագիտական ծառայության առջև դրված խնդիրների ու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, տարածաշրջանում լարվածության ստեղծման քայլերին հակազդելու մասին:
«Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Ընդգծելով, որ անցած քառորդ դարում Հայաստանին հաջողվել է ձևավորել արտաքին քաղաքական բավականին հագեցած և դրական օրակարգ, Հանրապետության նախագահը նշել է, որ մեր երկիրն իր փորձն ու ջանքերը ներդնում է հանուն համամարդկային նշանակության հարցերի բարձրաձայնման և իր նպաստը բերում միջազգային հանրության կողմից դրանց լուծման գործին:
«Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք պետք է մշտապես գտնվենք մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կանխարգելման միջազգային պայքարի առաջնագծում: 2015 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, իսկ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Այս ուղղությամբ հսկայական ջանքեր ներդրվեցին հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում», - հավելել է նա։