02/03/2017 18:14
Նրանց ճակատագրերը մինչ մեկնելը որոշված են եղել. պրոդյուսերը՝ նոր «Քավարան» ֆիլմի մասին
«Արմենիա Պրեմիումը» շուտով հեռուստադիտողին կներկայացնի նոր բազմասերիանոց ֆիլմ, որն իր թեմատիկայով ու խորհրդավորությամբ տարբերվում է դաշտում մինչ այս եղածներից:
«Հերոսները հրավեր են ստանում Ամանորն անցկացնել Դադիձորում, ու ոգևորված այդ գրավիչ առաջարկից՝ շտապում են այնտեղ: Նրանցից ոչ-ոք չի մտածում, որ այդ հանգիստը մղձավանջի է վերածվելու, հայտնվելու են անելանելի վիճակում, ոմանք էլ մահանալու են: Նրանց ճակատագրերը մինչ մեկնելը որոշված են եղել… Ամեն ինչ առավել է բարդանում, երբ հանգստացողների հարազատները պարզում են, որ Դադիձոր անվամբ հանգստյան տուն Հայաստանում գոյություն չունի, մեկնածներն էլ միստիկ հանգամանքներում կորել են: Բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց նրանք: Թե ի՞նչն է միավորել այդ մարդկանց, ով է կազմակերպել այս ամենը՝ կտեսնեք ֆիլմում: Ինտրիգների պակաս չկա», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ֆիլմի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը:
Սցենարին ծանոթանալով՝ նկատելի է, այն որոշակի նմանություն ունի «Я знаю, что вы сделали прошлым летом» ամերիկյան թրիլերին, նաև դրան հաջորդած հայկական «11» ֆիլմին: Դիտարկմանը՝ արդյոք հեռուստադիտողը կարող է համարել, որ «Քավարանը» գրվել է ներշնչվելով այս ֆիլմերից՝ պրոդյուսերը նկատեց.
«Գիտեք, սխալ կլինի ասել՝ եթե որևէ ժանրի ֆիլմ է նկարահանվել, ապա դրանից հետո աշխարհում նկարահանված այդ ժանրի բոլոր ֆիլմերը առաջինի ոգեշնչանքն են: Կան ֆիլմարտադրության չափանիշներ, ժանրեր, որոնք նկարահանվում են կոնկրետ տվյալ նախագծի շրջանակներում»:
20 մասից բաղկացած «Քավարանը» եթերում կլինի մարտի 6-ից՝ շաբաթը 5 օր՝ 35-40 րոպե տևողությամբ:
Սցենարի հեղինակը Անահիտ Շահսուվարյանն է, ռեժիսորը՝ Հարություն Շատյանը, բեմադրող օպերատորը՝ Հրաչ Մանուչարյանը: Գլխավոր դերերում հանդես են եկել Վահե Զիրոյանը, Եվա Զոհրաբյանն ու Տաթև Գրիգորյանը: Նկարահանվել են Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Կառլոս Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը, Լիլիթ Հարոյանը, Սամվել Փիլոյանը, Իրինա Հարությունյանը, Գրիգոր Բաղդասարյանը և այլք:
Նկարահանումները տեղի են ունեցել Երևանում ու հարակից շրջաններում, նաև Դիլիջանում: