02/03/2017 09:43
«Philip Morris»-ի էլեկտրոնային սիգարետների մուտքը հայաստանյան շուկա լուրջ մտահոգությունների առիթ է. «Առավոտ»
Ավանդական ծխախոտի դեմ պայքարող երկրներում վերջին տարիներին լայն տարածում են գտել էլեկտրոնային սիգարետները, որոնց վնասակար հատկությունների մասին մասնագետները չեն դադարում ահազանգել: Ավանդական ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպիսին, օրինակ «Philip Morris International»-ն (PMI) է սկսել են մասնագիտանալ էլեկտրոնային ծխախոտների արտադրության մեջ և փորձում են գրավել այս շուկան ևս: Այս մասին գրել է «Առավոտ»-ը՝ հղում անելով ռուսական պարբերականներից մեկին:
«Էլեկտրոնային ծխախոտները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ վեյպինգային (տերմինն առաջացել է անգլերեն vape բառից, նշանակում է գոլորշի արտաշնչել), որը ենթադրում է գոլորշի՝ առանց ծխախոտի: Երկրորդ տեսակը ծխախոտի էլեկտրական տաքացուցիչով էլեկտրոնային սարք է, որն արտադրվում է «Philip Morris» ընկերության կողմից և կոչվում է iQOS:
Համաձայն փորձագետների, ծխախոտ արտադրող համաշխարհային հսկաներից «Philip Morris»-ը կատաղի պայքար է մղում վեյպինգային տեսակի սիգարետներ արտադրող ընկերությունների դեմ, քանի որ ջանում է այնպես անել, որ ծխողները չանցնեն «գոլորշային» մեթոդին, այլ շարունակեն ծխախոտ օգտագործել, բայց իրենց առաջարկած նոր մեթոդով: Ավելին, Ռուսաստանի Դաշնությունում հակածխախոտային օրենքի խստացումից հետո «Philip Morris»-ը սկսել է ակտիվ բանակցություններ վարել այդ երկրում իր էլեկտրոնային սիգարետներն արտադրելու ուղղությամբ: Չի բացառվում, որ շուտով այդ ընկերությունը հետաքրքրություն ցուցաբերի նաև հայաստանյան շուկայի նկատմամբ, ինչը լուրջ մտահոգությունների առիթ է:
Բանն այն է, որ թեև մարդու օրգանիզմի վրա էլեկտրոնային սիգարետների ազդեցության մասին համապարփակ գիտական հետազոտություններ դեռևս չկան, բայց, նույնիսկ, ոչ ամբողջական ուսումնասիրությունները հիմք են տալիս պնդելու, որ էլեկտրոնային սիգարետները կարող են մի քանի անգամ ավելի վնասակար ազդեցություն գործել մարդու օրգանիզմի վրա, քան՝ ավանդականները:
Ոլորտն ուսումնասիրած մասնագետները կարծում են, որ էլեկտրոնային սիգարետներն առավել ուժգին կախվածություն են առաջացնում: Համարվում է, որ էլեկտրոնային սիգարետները ստեղծվել են ծխելու սովորությունից ազատվելու համար, մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ այդ սիգարետներն օգտագործողների ճնշող մեծամասնությունը նորից վերադառնում է ավանդական ծխախոտին և նախկինից երկու անգամ շատ է սկսում ծխել: Փորձագիտական ճանապարհով ապացուցված է, որ էլեկտրոնային սիգարետների համար նախատեսված հեղուկները մեծ քանակությամբ վնասական քիմիական տարրեր են պարունակում», - գրել է թերթը՝ հավելելով, որ ծխելու վնասական հետևանքների դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը ծխախոտից առհասարակ հրաժարվելը կամ դրա օգտագործումը նվազագույնի հասցնելն է: Իսկ էլեկտրոնային սիգարետների օգտագործումը ոչ թե խնդիր լուծում, այլ ծուղակ է. դրանք նպաստում են ոչ թե վատ սովորությունից ձերբազատվելուն, այլ ինքին վատ սովորություն են: